17.02.2020 12:00

Պերուում 8 երկրպագու է զոհվել ավտովթարի հետևանքով

Պերուում 8 երկրպագու է զոհվել ավտովթարի հետևանքով

Էկվադորյան «Բարսելոնայի» 8 երկրպագու է զոհվել Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է El Universo-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել փետրվարի 15-ի առավոտյան: Երկրպագուներն ավտոբուսով վերադառնալիս են եղել Լիմայից, որտեղ կայացել էր Լիբերտադորեսի Գավաթի 2-րդ փուլի պատասխան խաղը «Սպորտինգ Քրիստալի» հետ: Երկրպագուներին տեղափոխող ավտոբուսն ընկել է 15 մետր բարձրությունից ու մի քանի անգամ շրջվել:

Ավտոբուսում ավելի քան 50 մարդ է եղել: Հաղորդվում է, որ վթարի հետևանքով տուժել է 30 մարդ: Նրանցից 12-ին արդեն 2 ինքնաթիռի օգնությամբ Պերուից Էկվադոր են տեղափոխել: Զոհվածների մարմիններն Էկվարդոր կուղարկվեն այսօր՝ փետրվարի 16-ին: Հաղորդվում է, որ բոլոր զոհերի ինքնությունն արդեն պարզված է: