17.02.2020 14:09

Բոլիվիայի նախկին նախագահ Մորալեսը վերադառնում է Արգենտինա

Բոլիվիայի նախկին նախագահ Մորալեսը վերադառնում է Արգենտինա

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը տեղեկացրել է, որ կիրակի օրը վերադառնում է Արգենտինա՝ Կուբայում բժշկական հետազոտություն անցնելուց հետո:

«Ես լավ եմ զգում, դեռ Կուբայում եմ, բայց կիրակի օրը վերադառնում եմ Արգենտինա, և հաջորդ օրն ամբողջությամբ հանդիպումներ են ծրագրված, որոնք նվիրված են մայիսի 3-ի (ընտրությունների օրը) նախապատրաստությանը»,- ռադիոեթերով տեղեկացրել է Մորալեսը:

Նրա խոսքով՝ Բուենոս-Այրեսում ինքը կհանդիպի էկոնոմիկայի նախկին նախարար և «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունից նախագահի թեկնածու Լուիս Արսեի, այնուհետև՝ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:

Փետրվարի 10-ին Ֆերնանդեսը տեղեկացրել է, որ Մորալեսը Արգենտինայից մեկնել է Կուբա՝ բժշկական նկատառումներով: 2017 թ. Բոլիվիայի նախկին նախագահը բուժում էր անցել Կուբայում, որտեղ ձայնալարերի վիրահատման էր ենթարկվել: Ինչպես այն ժամանակ հաղորդել էին Բոլիվիայի իշխանությունները, նորագոյացությունները բարորակ էին եղել:

Փոխանցում է tass.ru-ն: