17.02.2020 14:52

Բաքվում ցույցից առաջ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության առաջնորդներին

Բաքվում ցույցից առաջ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության առաջնորդներին

Կիրակի օրը Բաքվում ոստիկանությունը ցրել է խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեմ բողոքի դուրս եկած ցուցարարներին: Ոստիկանները ձերբակալել են մի քանի տասնյակ մարդու և նրանց տարել են քաղաքից դուրս:

Հանրահայտ քաղաքական գործիչներին ու թեկնածուներին, այդ թվում՝ չգրանցված «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլհար Մամեդովին, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլիին և հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովին ձերբակալել են ցույցն սկսվելուց մի քանի ժամ առաջ: Ոստիկանության տասնյակ աշխատակիցներ հավաքվել են հանրահավաքի մեկնարկից առաջ և ձերբակալել բոլորին, ովքեր փորձել են բողոքել:

ՆԳՆ-ում BBC-ի թղթակցին տեղեկացրել են, թե ձերբակալվածներ չկան, կան ընդամենը «հանրահավաքի վայրից հեռացվածներ»:

Իսկապես, ցուցարարներին նստեցրել են ավտոբուսներ և տարել քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու: Ինչպես հաղորդել է «Թուրան» գործակալությունը՝ հետո ձերբակալվածներին բաց են թողել: Իլհար Մամեդովին, օրինակ, ազատ են արձակել քաղաքից 30 կմ հեռու, մայրուղու վրա: 24 ձերբակալվածների ավտոբուսով տարել են Բաքվից 50 կմ հարավում գտնվող Սանգաչալ գյուղը ու բաց են թողել:

Պատգամավորության թեկնածուներ Հուսեյնովին և Հասանլիին բաց են թողել Բաքվից 150 կմ հեռու՝ մյորուղու վրա: Բայց ամենահեռուն տարել են պատգամավորության մեկ այլ թեկնածուի՝ Ռուսլան Իզզետելիին. նա ազատ է արձակվել Եվլախ քաղաքում՝ Բաքվից 300 կմ հեռու:

Փոխանցում է BBC-ն: