17.02.2020 17:09

Բանակի մասին

Բանակի մասին

Բանակում վերջին օրերին ոչ հակառակորդի կրակոցից մահվան դեպքերը նորից ակտիվ քննարկումների առարկա են դարձել: Ու թեեւ թեման զգայուն է այնքան, որ դրա հետ պետք է չափազանց զգույշ լինել, այդուհանդերձ, նկատելի է, որ այն մեկնաբանվում է ամենածայրահեղ եւ հակադիր տեսակետներից, երբեմն նաեւ շահարկվում է այլեւայլ  նպատակներով: Ու սա ամենասարսափելին է, եթե չասենք՝ ավելի վտանգավոր, քան բուն դեպքերը: Որովհետեւ շահարկումները որեւէ պարագայում դեպքերի նվազման չեն բերի (եթե ոչ՝ հակառակը), փոխարենը՝ հղի են անվստահության եւ կասկածամտության մթնոլորտի ձեւավորմամբ:

Սարսափելի, ցավալիորեն սարսափելի է ամեն մահվան դեպքը, բայց լուծումը կասկածամտություն եւ չհիմնավորված վարկածներ շրջանառելը չէ՝ հաստատ, եթե մենք իրապես ցանկանում ենք խնդիրը լուծել, եւ ոչ թե այլ քարոզչական նպատակներ սպասարկել:

Իսկ լուծումներ, մեղմ ասած, կենսականորեն անհրաժեշտ են: Համապարփակ լուծումներ: Եվ իշխանությունները պարտավոր են օր առաջ արտակարգ ռեժիմով լուծումներ փնտրել եւ գտնել: Ընդ որում, ոչ միայն ամեն դեպքը առանձին՝ ամենայն թափանցիկությամբ քննելով եւ պատճառահետեւանքային կապը գտնելով, այլեւ՝ դրանք համադրելով, որովհետեւ դրանք նաեւ ամբողջականության մեջ ունեն պատճառահետեւանքային կապ:

Այս խնդրի լուծումը մի քանի հարթությունների վրա է՝ ամբողջական, հավաստի եւ արագ բացահայտում, ներբանակային մթնոլորտի փոփոխում, համակարգային բարեփոխումեր, պատասխանատու անձանց աստիճանակարգի ընդլայնում (երբ ամեն դեպքի համար առանձին ոչ թե մեկ անձ պատասխանտվության կենթարկվի, այլ, հարկ եղած դեպքում՝ ավելի բարձրաստիճան սպաներ):

Իշխանությունների առջեւ հրատապ խնդիր կա՝ոչ միայն քննչական գործողություններով բացահայտել ամեն առանձին դեպքի մանրամասները, այլեւ՝ հատուկ ծառայությունների միջոցով վերլուծել, հասկանալ, տեղերում քննել ամեն առանձին դետալ, ամեն վարկած, անգամ՝ ամենաանհավանական թվացողները, ստուգել ամեն-ամեն բան, հայտնաբերել բոլոր վտանգները (անձ լինի, թե մթնոլորտ կամ մեկ այլ բան) եւ կտրուկ քայլեր ձեռնարկել՝ չեզոքացնելով բոլոր վտանգները: Ընդ որում, լավ կլիներ, որ դա չարվեր այնպես, ինչպես մյուս հարցերն են փորձում լուծել՝ հրապարակավ հայտարարելով, որ շուտով, ահա, այս կամ այն հարցը կլուծենք, այսպես կամ այնպես, եւ խոսքից հետո գործին անցնելիս դիմադրությունների հանդիպելով: Լավ կլիներ, որ դա լիներ ներքին, անաղմուկ, բայց շատ լուրջ գործողություն, որի մասին մենք կիմանայինք կոնկրետ արդյունքները հրապարակելուց հետո:

Իշխանությունները պարտավոր են սա անել, հակառակ դեպքում չեն կարողանալու փակել կասկածների եւ քաղաքական շահարկումների Պանդորայի արկղը, ինչն անդառնալի վնաս է հասցնելու թե՛ բանակին, թե՛ Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Բանակն այն համակարգն է, որը շահարկումների եւ կասկածների  տեղ չպիտի տա, եւ դա ապահովելն իշխանությունների պարտավորությունն է:

Պարգեւ Ապրեսյան