18.02.2020 11:38

Covid-19 կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 1872-ի

Covid-19 կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 1872-ի

Նոր կորոնավիրուսից վարակվածների թիվն անցել է 73 հազարից, վարակից մահացել է 1872 մարդ:

ԱՄՆ է ժամանել երկու ինքնաթիռ՝ հարյուրավոր ամերիկյան քաղաքացիներով, որոնք փետրվարի 3-ից կարանտինի մեջ էին Յոկոհամայի նավահանգստի մոտ կայանած «Դայմոնդ Պրինցես» զբոսանավի վրա: Տարհանված ուղևորներին  տեղափոխող ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Կալիֆոռնիայում, երկրորդը՝ Թեքսասում: Այժմ այդ ուղևորները երկշաբաթյա կարանտին կանցնեն Միացյալ Նահանգներում: Նավում վարակված ամենիկացիներին տեղափոխել են ճապոնական հիվանդանոցներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  դեպքերի 80 %-ի դեպքում վարակը դրսևորվում է թույլ արտահայտված ախտանիշներով և վտանգ չի ներկայացնում: Ըստ Guardian-ի՝ ԱՀԿ-ն վերլուծել է Հուբեյ նահանգում վարակման 44 հազար դեպք և եկել այն եզրակացության, որ նոր կորոնավիրուսը պակաս վտանգավոր է, քան մյուս հայտնի կորոնավիրուսները: Քննության առնված դեպքերի 80 %-ի դեպքում հիվանդներն առողջացել են, 14 %-ի մոտ լուրջ խնդիրներ են եղել՝ թոքաբորբ, շնչարգելություն, 5 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, 2 %-ը մահացել է:

Փոխանցում է BBC-ն: