18.02.2020 17:25

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Սիրիայում մարդասիրական ճգնաժամի մասին

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Սիրիայում մարդասիրական ճգնաժամի մասին

Սիրիայում փախստականների հետ կապված ճգնաժամը անհավանական չափերի է հասել, խոստովանել է ՄԱԿ-ը: Նրա գնահատականներով՝ 2019թ. դեկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման սկզբից ի վեր այնտեղից փախել է մոտավորապես 900 հազար մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ:

«Ճամբարները լեփ-լեցուն են, և մարդիկ, ովքեր սոսկալի ցնցում են ապրել, ստիպված են քնելու բաց երկնքի տակ, երբ դրսում ջերմաստիճանը բացասական է: Երեխաներին տաքացնելու համար նրանց մայրերը պլաստիկ են այրում, բայց կրծքի երեխաներն ու փոքրերը մահանում են ցրտից»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը: Ըստ նրա՝ Իդլիբում գնդակոծում են բժշկական հաստատությունները, դպրոցները, փակ են շատ հիվանդանոցներ ու կլինիկաներ:

Իդլիբում հսկայական թվով փախստականներ են կուտակվել: Հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ նահանգում այժմ կա մոտավորապես 3,5 մլն քաղաքացիական անձ: Ամբողջ Սիրիայից հենց Իդլիբ են եկել բոլոր այն մարդիկ, ովքեր չեն ուզում ապրել Ասադի ուժերի վերահսկողության տակ:

Փոխանցում է BBC-ն: