19.02.2020 10:00

Լապորտա․ «Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է հեռանա մաֆիոզական մեթոդների համար

Լապորտա․ «Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է հեռանա մաֆիոզական մեթոդների համար

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կատալոնական ակումբի ղեկավարությանը հորդորել է հրաժարական ներկայացնել I3 Ventures ընկերության ծառայություններից օգտվելու համար։

Ակումբը մոտ 1 միլիոն եվրո է վճարել սոցիալական ցանցերում գովազդային արշավներ կազմակերպող ընկերությանը նախագահ Ժոզեպ Բարտոմեուին գովազդելու եւ Լիոնել Մեսիի ու Ժերար Պիկեի հասցեին ծաղրական ու քննադատական հրապարակումների համար, հաղորդում է Sport.es-ը։

«Ակումբի դեմքն արատավորելու համար գործող ղեկավարությունն օգտագործում է մաֆիոզական մեթոդներ։ Սա վրդովմունք է առաջացնում։ Հիմա նրանք խուճապի մեջ են եւ փորձում են թաքցնել ամեն ինչ։ Նրանք պետք է հրաժարական ներկայացնեն»,- ասել է Լապորտան, որը մտադիր է դարձյալ առաջադրվել «Բարսելոնայի» նախագահի ընտրությունում։

«Բարսելոնայում» հաստատել են, որ օգտվել են I3 Ventures ընկերության ծառայությունից, սակայն հերքել են բացասական բնույթի հրապարակումների հետ որեւէ առնչություն ունենալը։