19.02.2020 15:59

Լիզա Ճաղարյան. Մեր մասին էր երգում «օրերի գորշ ճամփեքին»

Լիզա Ճաղարյան. Մեր մասին էր երգում «օրերի գորշ ճամփեքին»
Լուսանկարը՝ Արա Շիրինյանի

Մարտիկ չէր, բայց միշտ մարտիկների կողքին էր։

Ցուցարար չէր, բայց հանրահավաքների կիզակետում էր։

Հեղափոխական չէր, բայց հեղափոխության սրտում էր։

Ուրբանիստ էր, բայց Հայաստանի ու Արցախի բոլոր գյուղերն իր ծննդավայրն էին։

Բժիշկ չէր, բայց վատառողջներին կյանք ներարկող էր։

Կռվարար էր, շատ հաճախ՝ չհասկացված, բայց իր պես մարդ արարած սիրող, իր պես բարակ եւ օրեցօր ավելի ու ավելի բարակող սրտով ոչ մեկի չգիտեմ։

Պոետ չէր, քանդակագործ չէր, նկարիչ չէր, բայց իրենք կային՝ դրա համար էր դիմանում։

Անասելի հարազատ էր, ե՛ւ ինքն էր ներում, ե՛ւ իրեն էին ներում։

Որտեղ ցավ կար, ինքն այնտեղ էր։

Իսկ ցավը ներողամիտ չէ, ցավը պատժում է։

Ու ապակին փշուր-փշուր եղավ, շրջանակը կոտրվեց, ու ամենքիս մասին աշխարհին պատմող մեր Գերման Ավագյանը, տարվա կեսն ինձանից խռովող իմ անփոխարինելի ընկեր Գերմանը մեզանից ազատեց հոգին։

...Լեւոնիդ Անդրեեւի «Կարմիր ծիծաղ» վիպակում, վիպակ, որ Դանտեի «Դժոխք»-ի հետ հանգիստ խղճով կարող է մրցել, թնդանոթների զարկերին, մեռնող ու խելագարվող զինվորների ահասարսուռ աղաղակներին հետեւած անսպասելի լռությանը մի զինվոր չի դիմանում ու խելագարվում է։

Այսպիսի լռություն է Գերմանի հեռանալուց հետո։