19.02.2020 18:14

Բելգիայում պեղել են մի պատ՝ կառուցված մարդկային գանգերից ու ոսկորներից

Բելգիայում պեղել են մի պատ՝ կառուցված մարդկային գանգերից ու ոսկորներից

Գենտում, Սուրբ Բավոնի տաճարի մոտ կատարվող պեղումների ընթացքում հնագետները սոսկալի գյուտ են արել՝ պատ, որը կառուցված է մարդկային գանգերից ու ոսկորներից:

Պատը կառուցված է, հիմնականում, մարդկանց ազդրոսկրերից ու սրունքոսկրերից, իսկ նրանց միջակայքերում մարդկային գանգեր են տեղադրված:

«Սա բացառիկ հայտնագործություն է Բելգիայի համար»,- նշել է հնագիտական խմբի ներկայացուցիչը:

Պատը հայտնաբերվել է տաճարի նոր մասնաբաժնի շինարարության ժամանակ, որտեղ նախատեսվում է տեղադրել հանրահայտ Գենտի զոհասեղանը:

Նախագծի հեղինակ Յաննիկ դե Գրիզի խոսքով՝ այդ հայտնագործությունը զբոսաշրջային հուշարձանի վերածել, ինչպես փարիզյան կատակոմբներն են, չի նախատեսվում, ոսկորները կտեղափոխվեն այլ վայր:

Հնագետների կարծիքով՝ կառույցը վերաբերում է 17-18-րդ դարերում, իսկ ոսկորները մոտավորապես 600 տարեկան են: Մասնագետների կարծիքով՝ պատը կարող էին կառուցել տեղի գերեզմանոցում նոր հուղարկավորությունների համար տեղ բացելիս: Դե Գրիզը պարզաբանել է, որ գերեզմանները մաքրելիս ոսկորները չէր կարելի մի կողմ նետել, քանի որ մարդիկ հավատում էին մարմնի հարությանը, իսկ առանց ոսկորների դա հնարավոր չէր, ուստի դրանք պահելու համար հատուկ ոսկրանոցներ են ստեղծվել:

Փոխանցում է euronews-ը: