20.02.2020 09:55

Մահացել է Երվանդ Մանարյանը

Երեկ` փետրվարի 19-ին, 95 տարեկանում, մահացել է սիրված դերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը:

Կենսագրություն 

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10-ին, Արաքում (Իրան)։ 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի  և Գ. Սունդուկյանի անվան թատրոններում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես` «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիրն է:

Երվանդ Մանարյանը հայտնի է նաեւ որպես քաղաքականապես ակտիվ քաղաքացի, մշտապես մասնակցել է նախկին ռեժիմի դեմ անցկացվող հանրահավաքներին, ելույթներ ունեցել:  

Միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո են նրան շնորհվել Երեւանի պատվավոր քաղաքացու եւ Հայաստանի Ժողովրդական արտիստի կոչումներ: