20.02.2020 17:08

Մարդկանց «գազելով» տեղամաս տանողների «ոչ»-ը

Մարդկանց «գազելով» տեղամաս տանողների «ոչ»-ը

Թեեւ ՍԴ անդամների պաշտոնավարման հարցով հանրաքվեի մասին հայտարարելուց հետո «Ոչ»-ի դրոշակը պաշտոնապես իրենց ձեռքն առան մի խումբ իրավաբաններ, իսկ քաղաքական ուժերը հայտարարեցին, թե չեն մտնի այդ գործընթացի մեջ, այդուհանդերձ, վերջիններս ակտիվորեն պրոցեսի մեջ են եւ նույն քարոզչական կոդերով են հանդես գալիս, ինչ իրավաբանները: Դեռ մի բան էլ ավելի:

Այդ քաղաքական ուժերի ավանգարդում նախկին իշխանություններն են՝ ի դեմս Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների:

Ու անկախ նրանից, թե ինչ ձեւաչափով են ներկայացնում իրենց դեմ լինելը (հացազրույց, ասուլիս, վերլուծական նյութ, ստատուսներ եւ այլն), հիմնական կոդերը կրկնվում են. պրոցեսը հակասահմանադրական է, դրա նախաձեռնողները պատասխանատվության են ենթարկվելու, ժողովուրդը «այո» չի ասելու, իսկ եթե «այո»-ն հաղթի, ուրեմն իշխանությունները կեղծել են արդյունքները, եւ որքան էլ տարօրինակ է՝ դրա հակադիր կոդը, այն է՝ ժողովրդի մեծ մասը չգիտի էլ, թե ինչ է Սահմանադրական դատարանը, եւ էյֆորիայի մեջ հանուն Նիկոլի կամ ընդդեմ նախկինների է քվեարկելու, ուստի ամեն հարց չէ, որ պետք է գնալ ու հարցնել ժողովրդին, որովհետեւ ժողովրդին եթե թողնես, ինչի օգտին ասես կքվեարկի:

Ժողովրդին՝ որպես ամբողջություն՝ անգիտակից մանուկ  ներկայացնելու այս կոդը թերեւս ամենաուշագրավներից է: Եւ թերեւս պատահական չէ, որ այդ քարոզչական գիծն առաջ են տանում հենց նախկինները, որովհետեւ իրականում դա հենց իրենց բնական ընկալում է, բնական վերամբարձ ու քամահրական վերաբերմունքը՝ ժողովրդի հանդեպ ընդհանրապես, եւ ժողովրդավարության հանդեպ՝ մասնավորապես: Այս հարցում նախկիններն, այո, չեն կեղծում ամենեւին, եւ անկեղծ ցույց են տալիս, որ իրենց մոտեցումն այն է, որ ժողովուրդը շատ չի հասկանում, ուստի նրա կարծիքը պետք է ոչ թե հարցնել, այլ որոշել նրա փոխարեն: Այսինքն, անել այն, ինչ արել են իրենք երկար տարիներ: Ժողովուրդն, ուրեմն, նրա համար չէ, որ որոշի, թեեւ ձեւական առումով իրենք էլ Սահմանադրության մեջ երկու անգամ գրել են համապատասխան դրույթը, թե ժողովուրդն է որոշողը, ու այդ դրույթն անփոփոխ է: Բայց քանի որ դա ձեւի համար էր, իրենք որոշում էին, ժողովրդին էլ, որպես «մասսովկա», երթուղայիններով տեղամասեր էին տանում (բովանդակային առումով՝ բերման ենթարկում) եւ ցուցումներ տալիս՝ ըստ իրենց նախապես կայացրած որոշման, թե մարդիկ ինչ եւ ինչպես պետք է անեն տեղամասում: Դե որովհետեւ նրանք ժողովուրդ են ընդամենը, իրենց պես «էլիտա» չեն, ուստի շատ չեն հասկանում՝ որն է իրենց լավն էլ, վատն էլ, ու կարող են «չհասկանալով» գնալ եւ չքվեարկել այնպես, ինչպես որոշել էր նախկինների քամահրող «էլիտան», բայց այդ դեպքերի համար էլ լուծումներ ունեին: Ըստ իրավիճակի: Դրա համար կային ՏԸՀ-ներ, կար ԿԸՀ կամ էլ, ինչու չէ՝ Սահմանադրական դատարան: Եթե դա էլ չէր օգնում, եւ ժողովուրդը համառում էր, ապա կային ուժայիններ, բանակ՝ ի վերջո:

Մենք այդ ամենն արդեն տեսել ենք:

Պարզապես հիմա իրավիճակն այլ է: Ու այո, նախկինները չեն կարողանում ոչ մի կերպ համակերպվել, որ ժողովուրդը կարող է եւ պետք է որոշի: Դա դեմ է նախկինների բնույթին, որովհետեւ նրանք ոչ միայն գիտեն ժողովրդի իրական ցանկությունները, այլեւ չեն համակերպվում մեկ այլ իրողության հետ, այն է, որ հանվել է իրենց կողմից ցանված վախի մթնոլորտը, եւ մարդիկ կարող են առանց ծեծվելու, դատվելու, սպանվելու վախի նախկինների մասին ասել այն, ինչ մտածում են: Սա նախկինները մարսել չեն կարողանում, ուստի անունը դրել են ատելության մթնոլորտ: Իբրեւ թե հանրությանը բաժան-բաժան են արել, դրա համար էլ մարդիկ իրենց վատ բաներ են ասում: Թեեւ նրանք, ովքեր հիշում են 1998-ից հետո, դիցուք, Հ1-ի ռեպորտաժների բովանդակությունն ու բառամթերքը, մի լավ կծիծաղեն այդ խոսքերից հետո այսօրվա իրավիճակը ատելության մթնոլորտ անվանողների վրա: Կծիծաղեն բոլոր նրանք, ովքեր հիշում են 2008-ի նախընտրական շրջանը, երբ ամբողջ հեռուստատեսային դաշտը նույնաբովանդակ ատելության բառապաշարով, իբրեւ թե՝ իրենցից անկախ, ատելության քարոզ էր սերմանում թեկնածուներից մեկի դեմ եւ գովաբանում՝ մեկ այլ թեկնածուի: Այսօր էլ նույնն է, ի դեպ, պարզապես, եթե նույն այդ հեռուստաընկերություններն այն ժամանակ ատելության քարոզը տարածում էին ընդդիմության դեմ, այսօր դա անում են իշխանության դեմ: Նրանք դաշտի 90 տոկոսից ավելին են զբաղեցնում ու ձեռքի հետ էլ բողոքում են խոսքի ազատության դեմ սահմանափակումներից:

Գրեթե բոլոր ալիքներով՝ նույն նախկինները, նույն խոսքերը, նույն կոդերը, որովհետեւ չեն մարսում, որ այլեւս չեն կարողանում բացահայտ կերպով իրենց «ոտքերը սրբել» մարդկանց վրա, չեն մարսում ու սպառնում են, թե՝ սպասեք, ահա մի քիչ էլ, ու մենք նորից կգանք, ու բոլորիդ տեղը, ֆեյսբուքահայություն, գիտենք, իրավապահները հատ առ հառ կգան ձեր հետեւից: Ու ահագնացնում են այս սպառնալիքները՝ որքան որ հանրաքվեն է մոտենում, որովհետեւ իրենք ՍԴ-ի հետ կապված պլաններ ունեին: Որովհետեւ գիտեն, որ ՍԴ-ն, իր մեծամասնությամբ ոչ թե պետությանն է, ոչ թե ժողովրդինն է, այլ քաղաքականացված մի մարմին է դարձել ու իրենցն է, քաղաքական դասավորումները փոխելու իրենց վերջին հույսը: Դրա համար էլ և՛ սպառնում են, և՛ քամահրում, թե ժողովուրդն ի՞նչ իրավունք ունի վճռել ՍԴ անդամների ճակատագիրը:

Արսեն Օհանյան