20.02.2020 18:17

Կոնգրեսի ցավակցականը Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Կոնգրեսի ցավակցականը Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ արվեստագետի համար ամենաբարձր պարգեւի՝ ժողովրդի անմնացորդ ու անկեղծ սիրուն արժանացած Երվանդ Մանարյանը։ Նույնպիսի անմնացորդ սիրով նա նվիրվել էր հայ բեմին, թատրոնին, կինոյին։

Երվանդ Մանարյան արվեստագետի բացառիկ շնորհը իր ժողովրդին պարգեւեց անմեռ կերպարներ, որոնք  ոչ միայն իր բացառիկ դերասանական տաղանդի, այլեւ նույն անմնացորդ նվիրումի, կյանքի ամենախոր նրբերանգները տեսնելու ու վերարտադրելու տաղանդի արդյունքն էին։ Եւ ինքն էլ նույն կերպ անմահացավ իր կերտած կերպարներում։

Երվանդ Մանարյանը նույն կերպ եւ նույն չափով Քաղաքացի էր եւ Մտավորական։ Երբեք չհաշտվեց կյանքի անարդարաությունների ու անօրինությունների հետ։ Նա միշտ հեռու մնաց իշխանական «սիրելիների» շրջանակից եւ ընդդիմադիր էր բոլոր իշխանություններին, ինչը եւ մտավորականի առաջնային հատկանիշն է։ Նա այն շատ քիչ բարձր մտավորականներից էր, ովքեր պայքարում էին ավազակապետական ռեժիմի դեմ ոչ միայն մամուլում ու եթերում, այլեւ հրապարակներում, փողոցներում, երթերում, հանրահավաքներում, ցույցերում ու նստացույցերում։

Հայ ազգային կոնգրեսը խորապես ցավում է անվանի մտավորականի մահվան առթիվ եւ ցավակցում է ողջ հայ ժողովրդին՝ իր ամենաարժանավոր զավակներից մեկի անդառնալի կորստի կապակցությամբ։