21.02.2020 13:06

Յուրգեն Կլոպը զարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագու Դարագ Կերլիին

Յուրգեն Կլոպը զարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագու Դարագ Կերլիին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագու Դարագ Կերլիին՝ պատասխանելով նրա նամակին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Թանկագին, Յուրգեն Կլոպ: Իմ անունը Դարագ է, ես 10 տարեկան եմ: Ես երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին» և այս նամակը գրում եմ, որպեսզի իմ բողոքը հայտնեմ: «Լիվերպուլը» չափազանց շատ է հաղթում: 

Եթե դուք ևս 9 խաղում հաղթեք, ապա ԱՊԼ-ում անպարտելիության ռեկորդային շարք կգրանցեք: Ինձ՝ որպես «Յունայթեդի» երկրպագուի, դա տխրեցնում է: Այդ իսկ պատճառով, հաջորդ անգամ, երբ «Լիվերպուլը» խաղա, այնպես արեք, որ նրանք պարտվեն: Պարզապես թույլ տվեք, որ մյուս թիմն էլ գոլ խփի: Ես հույս ունեմ, որ կարողացա համոզել Ձեզ չհաղթել առաջնությունում և ցանկացած այլ խաղում: 

Անկեղծորեն Ձեր, Դարագ»,- գրել է երկրպագուն:

Կլոպն այսպես է պատասխանել.

«Սիրելի Դարագ: Շնորհակալ եմ նամակի համար: Չնայած դու ինձ հաջողություն չմաղթեցիր, բայց միշտ հրաշալի է շփվել պատանի երկրպագուի հետ՝ անկախ նրանից, թե նա որ թիմին է երկրպագում: Ցավոք, այս պարագայում ես չեմ կարող կատարել քո խնդրանքը: Այնքան, որքան դու պարտություն ես ցանկանում «Լիվերպուլին», իմ աշխատանքը կայանում է նրանում, որ անեմ ամեն հնարավոր բան՝ նրա հաղթանակի համար, քանի որ աշխարհում միլիոնավոր մարդիկ դա են ցանկանում, և ես չեմ ցանկանում նրանց հուսախաբ անել: Ի ուրախություն քեզ, մենք նախկինում արդեն պարտվել ենք, ու ապագայում էլ կպարտվենք, քանի որ սա ֆուտբոլ է: 10 տարեկանում դու կարծում ես, որ ամեն ինչ միշտ կլինի այնպես, ինչպես՝ հիմա է, բայց որպես 52 տարեկան մարդ՝ ես քեզ հավաստիացնում եմ, որ դա այդպես չէ:

Կարդալով քո նամակը՝ կարող եմ ասել, որ այն ինչ երբեք չի փոխվի, քո կիրքն է ֆուտբոլի և քո ակումբի նկատմամբ: «Մանչեսթեր Յունայթեդի» բախտը բերել է, որ քեզ պես երկրպագու ունի: Հուսով եմ՝ եթե մենք կարողանանք ևս մի քանի խաղ հաղթել կամ նույնիսկ նվաճենք չեմպիոնական տիտղոսը, դու այնքան էլ չես հիասթափվի: Քանի որ թեկուզ մեր ակումբները մրցակցում են, բայց մենք նաև հարգանք ենք տածում միմյանց նկատմամբ: Ինձ համար ֆուտբոլը հենց դա է:

Քեզ լավ նայիր: Յուրգեն Կլոպ»: