21.02.2020 13:28

Արսեն Ջուլֆալակյանն ապօրինի է որակել մարզիչների որոշումը

Արսեն Ջուլֆալակյանն ապօրինի է որակել մարզիչների որոշումը

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարելով՝ տեղեկացնելով, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը իր քաշային կարգում (77կգ) կայացնում է «ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում»՝ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տալով Կարապետ Չալյանին.

«Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ԱՊՕՐԻՆԻ, ՀԱԿԱՍՊՈՐՏԱՅԻՆ, ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ որոշում… 

Մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն…)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանն՝ ընդծելով, որ մարզիչներն առաջնորդվել են միայն անձնական շահերով և մոտիվներով. 

«Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով, ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկ չի խառնվում այդ որոշումներին՝ չցականալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։

Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։ Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչու՞ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչու՞ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։

Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի : Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն…), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել, ու՞ր են շտապում՝ կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն…: