21.02.2020 16:27

« ГРУ-ի կիբեռգրոհը». Վրաստանը, ԱՄՆ-ը և Բրիտանիան մեղադրում են Ռուսաստանին

« ГРУ-ի կիբեռգրոհը». Վրաստանը, ԱՄՆ-ը և Բրիտանիան մեղադրում են Ռուսաստանին

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունները մեղադրել են ռուսաստանյան զինված ուժերի՝ որպես ГРУ հայտնի ստորաբաժանումներին՝ վրացական ինտերնետ կայքերի, այդ թվում՝ երկրի նախագահի աշխատակազմի, կառավարության, դատարանների ու հեռուստաալիքների կայքերի վրա լայնածավալ կիբեռգրոհի մեջ:

Մոսկվան, ի դեմս արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի, հերքում է իր մեղքը: «Ռուսաստանը մտադիր չի եղել և մտադիր չէ որևէ կերպ միջամտելու Վրաստանի ներքին գործերին»,- РИА Новости գործակալությանն ասել է Ռուդենկոն:

Վրացական պետական կառույցների ու լրատվամիջոցների վրա ցանցահենային հարձակումների ալիքն սկսվել է 2019 թ. հոկտեմբերի 28-ին: Մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվել է, կառավարական սերվերներն արգելափակվել են, կաթվածահար է եղել բազմաթիվ հասարակական հիմնարկների աշխատանքը:

Շատ դեպքերում վեբ-կայքերի գլխավոր էջերը փոխարինվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարներով և անգլերեն մակագրությամբ՝ «I’ll be back» («Ես վերադառնալու եմ»):

«Կիբեռգրոհն ուղղված էր Վրաստանի ազգային անվտանգության դեմ»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Թբիլիսիի կարծիքով՝ ռուսաստանցի ցանցահենները, ռուսաստանյան հրամանատարության հրահանգով, փորձել են կաթվածահար անել հաստատությունների աշխատանքը, խուճապ առաջացնել մարդկանց շրջանում ու այդպիսով վնաս հասցնել Վրաստանի քաղաքացիներին:

Վաշինգտոնը և Լոնդոնն իրենց հայտարարություններն արեցին Վրաստանի ԱԳՆ-ի հետ միաժամանակ և նույնպես կիբեռգրոհի պատասխանատվությունը դրեցին Մոսկվայի վրա:

Փոխանցում է BBC-ն: