24.02.2020 10:32

Սերիա «A»-ն առանց հանդիսատեսի՞

Սերիա «A»-ն առանց հանդիսատեսի՞

Իտալիայի սպորտի նախարարը որոշում է կայացրել հետաձգել մարզական բոլոր միջոցառումները Լոմբարդիայի ու Վենետոյի շրջաններում: Իտալիայի ընթացիկ առաջնության մի քանի հանդիպում այդ պատճառով չի կայացել: Խոսքը հերթական տուրի «Ինտեր» – «Սամպդորիա», «Ատալանտա» – «Սասուոլո», «Տորինո»-«Պարմա» և «Վերոնա» – «Կալյարի» հանդիպումների մասին է:

Մարզական միջոցառումները հետաձգվել են կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Վենետոյում հիվանդությունից մահացել է 78-ամյա տղամարդ, Լոմբարդիայում մահացելէ 75-ամյակին: Նշված շրջաններում հիվանդների թիվը հասնում է մի քանի տասնայկի, հիվանդներ կան նաև Պյեմոնտե ու Էմիլիա-Ռոմանյե շրջաններում: Իտալիայի կառավարությունը մեկուսացրել է 10 քաղաք:

Սրանով  պայմանավորված բուլղարական «Լուդոգորեցը», որը գալիք հինգշաբթի արտագնա խաղում մրցելու է «Ինտերի» հետ, փորձում է հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է Լոմբարդիայում: «Լուդոգորեցը» պաշտոնական նամակներ է ուղարկել ՈւԵՖԱ ու «Ինտեր» և չի բացառվում, որ անվտանգության նկատառումներից ելնելով Եվրոպայի լիգայի խաղարկության «Ինտեր»-«Լուդոգորեց»պատասխան խաղը կհետաձգվի: Այս մասին հայտնել են իտալական լրատվամիջոցները:

Չի բացառվում, որ խաղը կայանա առանց հանդիսականների ու այս տարբերակը, ըստ նախնական տեղեկությունների, այս պահին ամենաօպտիմալն է:

Իտալական լրատվամիջոցները նաև գրում են այն մասին, որ վերջին իրադարձությունները կարող են խառնել ամբողջ խաղացանկը: Մրցաշրջանի որոշիչ հատվածն է ու շատ բարդ է տեղ գտնել խաղացանկում հետաձգված հանդիպումներն անցկացնելու համար: Խնդիրը կրկնակի կբարդանա հատկապես «Ինտերի» համար, որը շարունակում է պայքարել մի քանի ճակատով: Եթե Կոնտեի թիմին հաջողվի մնալ պայքարի մեջ Եվրոպայի լիգայի խաղարկությունում, ապա միակ ազատ օրը մնում է մայիսի 20-ը «Սամպդորիայի» հետ խաղն անցկացնելու համար:

Իտալական մյուս թիմերը ևս մտահոգված են խնդրով ու մտածում են հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու մասին: