24.02.2020 11:00

Պելեի ռեկորդից 17 գոլ պակաս

Պելեի ռեկորդից 17 գոլ պակաս

Ֆուտբոլի արքա Պելեին է շարունակում պատկանել մեկ թիմի կազմում խփած գոլերի ռեկորդը: Պելեն կարիերայի մեծ մասն անցկացրել է «Սանտոսում» և 19 մրցաշրջանում անցկացրած 656 խաղում խփել է 643 գոլ:

Բրազիլացու ռեկորդը գերազանցելուն շատ մոտ է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: Վերջինս առաջնության «Էյբարի» հետ վերջին մրցավեճում դարձավ պոկերի հեղինակ և ներկա պահին արգենտինացուն պակասում է ընդամենը 17 գոլ Պելեի արդյունքը կրկնելու համար:

Լեգենդար Պելեն «Սանտոսից» հեռացել է 33 տարեկան հասակում: Այսինքն մեկ տարով մեծ է եղել, քան հիմա Մեսսին: Լեոն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 715 խաղումխփել է 626 գոլ՝ մեկ խաղում միջինը 0,87 գոլ: «Կապտանռնագույնների» ռմբարկուն 436 գոլ է խփել առաջնությունում, 114 գոլ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, 53 գոլ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 14 գոլ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, 5 գոլ Աշխարհի ակումբային առաջնությունում, 3 գոլ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում:

Երեկ Մեսսին կարիերայի ընթացքում վեցերորդ անգամ «Բարսելոնայի» կազմում մեկ խաղում խփեց չորս գոլ և երկրորդ անգամ նա դա արեց «Էյբարի» հետ մրցավեճում: Կատալոնական թիմի կազմում արգենտինացին դարձել է 41 հեթ-տրիկի հեղինակ և նա այն քիչ խաղացողների թվում է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ խաղում խփել է հինգ գոլ  (2011/12, «Բայերի» հետ մրցավեճում՝ 7:1):

Մեսսին մեկ խաղում չորս գոլ է խփել 5 մրցակցի հետ մրցավեճերում:

Լեոն չորս գոլ է խփել «Արսենալի» (2009/10), «Վալենսիայի» (2011/12), «Էսպանյոլի» (2011/12), «Օսասունայի» (2012/13) և «Էյբարի» (2017/18 և 2019/20) հետ խաղերում:

Ներկա պահին Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում առաջին տեղում է՝ խփած 18 գոլով, հինգով ավելի մոտակա մրցակից Կարիմ Բենզեմայից, որի ակտիվում գրանցված 13 գոլ: Եթե Մեսսիին հաջողվի պահել առաջատարի դիրքը մինչև մրցաշրջանի ավարտը, ապա կարիերայի ընթացքում յոթերորդ անգամ կարժանանա «Պիչիչի» մրցանակին և կանցնի այն խաղացողին, որի պատվին է անվանված մրցանակը: Խոսքը «Ատլետիկի» հարձակվող Տելմո Սարայի մասին է, որը կարիերայի ընթացքում վեց անգամ է դարձել Իսպանիայի առաջնության ռմբարկու:

Եթե Մեսսին մտադիր է Պելեի ցուցանիշին հասնել ընթացիկ մրցաշրջանում, ապա դրա համար նվազագույնն ունի 15, առավելագույնը 20հանդիպում: Մյուս կողմից գրեթե կասկած չկա, որ եթե ոչ այ, ապա գալիք մրցաշրջանում Լեոն կանի դա: