24.02.2020 11:30

Ազարը բաց կթողնի «Սիթիի» հետ հանդիպումներն ու Կլասիկոն

Ազարը բաց կթողնի «Սիթիի» հետ հանդիպումներն ու Կլասիկոն

Իսպանիայի ընթացիկ առաջնության «Լևանտեի» հետ խաղում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը կրկին վնասվածք է ստացել ու ըստ ամենայնի բաց կթողնի առաջիկա հանդիպումները: Բելգիացին չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, ինչպես նաև բաց կթողնի «Բարսելոնայի» հետ կայանալիք մրցավեճը:

«Լևանտեի» հետ խաղում Էդեն Ազարը ստիպված էր լքել խաղադաշտը երկրորդ խաղակեսում: Անցած նոյեմբերին ֆուտբոլիստը կրկին վնասվածք էր ստացել և մինչև վերջերս ապաքինվում էր ու տևական դադարից հետո երեկ երկրորդ անգամ էր դուրս եկել խաղադաշտ թիմի մեկնարկային կազմում:

Ազարի վնասվածքի մասին լուրը հասցրել են հաստատել ակումբի ներկայացուցիչները, սակայն ժամկետներ չեն նշել, թե երբ կկարողանա նա վերադառնալ շարք: Ըստ լրատվականների՝ ապաքինման համար կպահանջվի երկու ամսից ոչ քիչ ժամանակ: Ասել է,թե Ազարը չի մասնակցի նաև «Սիթիի» հետ պատասխան մրցավեճին: