24.02.2020 11:31

Կորոնավիրուսը թափանցում է Եվրոպա. Իտալիայի հյուսիսում կարանտին է

Կորոնավիրուսը թափանցում է Եվրոպա. Իտալիայի հյուսիսում կարանտին է

Անցած հանգստյան օրերին Իտալիայի հյուսիսային շրջաններում՝ Լոմբարդիայում և հարևան Վենետոյի մարզում, արձանագրվել է կորոնավիրուսի բռնկում. վիրուսի հարուցած թոքաբորբից մահացել է երեք մարդ, վարակվածների թիվն անցել է 150-ից:

Կիրակի օրը երկրի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածման դեմ արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու մասին, մասնավորապես՝ մի քանի քաղաքներում կարանտին է մտցվել, շատ վայրերում չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները:

Վենետիկի իշխանությունները որոշել են ժամանակից շուտ ավարտել ամենամյա դիմակահանդեսը, Միլանում փակվել է հանրահայտ «Լա Սկալա» օպերան, իսկ հռչակավոր Ջորջո Արմանին ստիպված է եղել Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում իր վերջին հավաքածուն ցուցադրել դատարկ դահլիճում:

Առայժմ պարզ չէ, թե Իտալիայում որտեղից է բռնկվել վարակը, որն այս պահի դրությամբ ամենախոշորն է Եվրոպայում: Իտալիան վարակակիրների թվով չորրորդն է՝ Չինաստանից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից հետո:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն անցել է 77 հազարից, մահացել է 2592 մարդ, ավելի քան 24,5 հազարը դուրս են գրվել հիվանդանոցներից:

Փոխանցում է BBC-ն: