24.02.2020 13:18

Երկրաշարժ Իրանում և Թուրքիայում. կան զոհեր

Երկրաշարժ Իրանում և Թուրքիայում. կան զոհեր

Առնվազն 8 մարդ է զոհվել Իրանի և Թուրքիայի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում:

Երկրաշարժի ուժգնությունը, Եվրոպական երկրաշարժագիտական կենտրոնի տվյալներով, կազմել է 5,7 բալ: Օջախը 5 կմ խորության վրա է եղել:

Թուրքական իշխանությունները հաղորդում են Վան նահանգի որոշ ավաններում մեծաթիվ ավերածությունների մասին: Զոհերի թվում երեք երեխա կա: 20-ից ավելի մարդիկ վնասվածքներ են ստացել, 8-ի վիճակը ծանր է:

Փրկարարները հաղորդել են, որ շինությունների փլատակների տակ տուժածներ այլևս չկան:

Իրանական կողմը հաղորդել է 25 տուժածների մասին: Ավերածություններ կան Արևմտյան Ադրբեջանի Խոյ քաղաքի շրջանում գտնվող չորս տասնյակի չափ բնակավայրերում: Ենթադրաբար՝ հենց այդտեղ է եղել երկրաշարժի էպիկենտրոնը:

Փոխանցում է euronews-ը: