25.02.2020 13:18

Թրամփը ԱՄՆ հետախուզությանը և դեմոկրատներին մեղադրել է խարդախության մեջ

Թրամփը ԱՄՆ հետախուզությանը և դեմոկրատներին մեղադրել է խարդախության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան հետախուզական հանրությանը և Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է իրեն և Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին (որը հավակնում է առաջիկա նախագահական ընտրություններում լինել դեմոկրատների թեկնածուն) վնաս պատճառելու նպատակով խարդախության դիմելու մեջ։

Համապատասխան տեղեկությունը ամերիկյան առաջնորդը հրապարակել է իր Twitter-ում։

«Նրանք (հետախուզության ներկայացուցիչները) խելագար Բեռնիին (Թրամփն այդպես է անվանում սենատոր Սանդերսին) ասել են, թե, իբր, Ռուսաստանը նրան է վստահում, այլ ոչ թե ինձ։ Այդ ամենը մի մեծ խարդավանք է՝ հետախուզության ու դեմոկրատների մասնակցությամբ։ Նրանք ուզում են, որ Սանդերսը հեռանա նախագահական մրցապայքարից, և ատում են Թրամփին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ուրբաթ օրը The Washington Post-ը գրել էր, թե ԱՄՆ իշխանության ներկայացուցիչները հեռուստաբանավեճի ժամանակ Սանդերսին տեղեկացրել են, թե իրենց տվյալներով՝ ՌԴ-ն փորձում է նախընտրական մրցապայքարում օգնել Սանդերսին։ Թե հատկապես ինչ օգնության մասին է խոսքը՝ պարբերականը չի նշել։

Ինչպես նույն օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Կրեմլը ցավով սպասում է, որ 2020 թ․ նոյեմբերին կայանալիք ամերիկյան ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ ավելի շատ «խելացնոր լուրեր» են հայտնվելու ամերիկյան ընտրություններին  Ռուսաստանի, իբր, միջամտության վերաբերյալ, ինչը «ոչ մի ընդհանուր բան չունի ճշմարտության հետ»։

Փոխանցում է tass.ru-ն։