25.02.2020 14:11

Քեթրին Ջոնսոն՝ վախճանվել է ՆԱՍԱ-ի մաթեմատիկոսը

Քեթրին Ջոնսոն՝ վախճանվել է ՆԱՍԱ-ի մաթեմատիկոսը

ՆԱՍԱ-ի լեգենդար մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնը մահացել է 101 տարեկանում։

Նա պատմության մեջ է մտել տարբեր տիեզերական արշավախմբերի, այդ թվում՝ դեպի Լուսին թռիչքների հետագիծը որոշելու իր հաշվարկներով։

ՆԱՍԱ-ն նրա մահվան մասին հաղորդել է իր twitter-յան էջում՝ նշելով, որ այդ կինը միշտ աչքի է ընկել իր անգերազանցելի խելքով և նրանով, որ մարտահրավեր է նետել ցանկացած ռասայական և սոցիալական արգելապատնեշների։

Աֆրոամերիկուհի Քեթրին Ջոնսոնը ՆԱՍԱ-ում աշխատել է 1950-ականների վերջից։ Նա  ձեռքով հաշվարկել է հրթիռային հետագծերի պարամետրերը շատ աստղագնացների համար և կարողացել է արագ ստուգել առաջին սերնդի համակարգիչների հաշվարկների ճշգրտությունը։

1970 թ. դեպի Լուսին «Ապոլոն-13»-ի անհաջող թռիչքի ժամանակ Ջոնսոնը կարողացել է արագ հաշվարկել տիեզերանավի՝ Երկիր վերադառնալու նոր հետագծի պարամետրերը՝ դրա համար օգտագործելով ոչ թե համակարգիչը, այլ սեփական աստղագիտական աղյուսակները։ Համարվում է, որ հենց դրա շնորհիվ են աստղագնացները փրկվել անխուսափելի վախճանից։

ՆԱՍԱ-ի գլխավոր վարիչ Ջիմ Բրայդենսթայնը Քեթրին Ջոնսոնին անվանել է տիեզերքի յուրացման դարաշրջանի առաջին օրերի լեգենդար գործիչ։

2015 թ. Բարաք Օբաման Ջոնսոնին Ազատության նախագահական շքանշան է հանձնել։

Փոխանցում է BBC-ն։