26.02.2020 15:43

Վատառողջ են ու «հայրենասեր»

Վատառողջ են ու «հայրենասեր»

Երեկ Հայաստանի եւ միջազգային մակարդակով աննախադեպ կամ հազվադեպ հանդիպող իրադարձությունների օր էր. գրեթե միաժամանակ ընթանում էին երկրի երկու նախկին ղեկավարների դատավարությունները: Այսօր էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն վկայի կարգավիճակով հրավիրել է նրանցից մեկի՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Զուգահեռաբար, բազմաթիվ այլ քրեական գործերով անցնում են շատ այլ նախկին պաշտոնյաներ, որոնց մեծ մասը հասցրել է լքել երկիրը: Այսօր էլ կառավարությունում հակակոռուպցիոն պայքարի հարցով խորհրդակցություն էր, որտեղ վարչապետ Փաշինյանը դժգոհում էր կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերից:

Բայց այս հարցում մի ուշագրավ հանգամանք կա: Շատ առավել ուշագրավ, քան այն, որ ըստ մեղադրանքների եւ հարուցված քրեական գործերի՝ հայաստանյան նախկին պաշտոնյաների զգալի մասը, այս կամ այն կերպ, առնչություն է ունեցել կոռուպցիային:

Բոլոր նրանք (անկախ նախկին պաշտոնյաների տրամաչափից), ում մեղադրանք է առաջադրվել, պարզվում է՝ կամ վատառողջ են, կամ՝ հանկարծակի թունդ «հայրենասեր»:

Ում մեղադրանք էին առաջադրում, կամ նրանք, ովքեր գիտեին, որ իրենց պիտի մեղադրանք առաջադրվի, մամուլով կամ առնվազն սոցիալական ցանցերով սկսում էին հայրենասիրական զեղումներով եւ պարտադիր Արցախի վերաբերյալ հայտարարություններ անել, հետո էլ արդեն պնդում էին, թե տեսեք՝ մեզ Արցախը սիրելու համար են հետապնդում:

Եւ սրա գագաթնակետն այն էր, ինչ տեղի ունեցավ երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատավարությունից առաջ: Սերժ Սարգսյանին կոնկրետ մեղադրանք են առաջադրել, որի էությունն այն է, որ ինքը հովանավորել է, որպեսզի պետական գնումների գործընթացում հաղթող ճանաչվի ոչ թե նվազագույն գումար առաջարկած անձը, այլ՝ իր ընկերը: Տրամաբանությունը հուշում է, որ նա ու իր թիմակիցները կամ պետք է պնդեն, որ Սարգսյանը նման արարք չի արել, կամ՝ որ արել է եւ զղջում է, կամ՝ չի զղջում, որովհետեւ այդ քայլին դիմելու համար ունեցել է այս կամ այն պատճառները:

Փոխարենը դատավարության մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը ձեռքն էր առել բարձրախոսը, դիմել դատարանի բակում հավաքված հանրապետականներին ու մերձհանրապետականներին ու թե՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Բայց ախր ի՞նչ կապ ունի Արցախը, ի՞նչ կապ ունի Արցախը առաջադրված մեղադրանքի հետ: Մարդն ուզում է ասել, որ հայրենասե՞ր  է, ենթադրենք՝ նա Հայաստանի եւ Արցախի ամենահայրենասեր մարդն է, առավոտն արթանում է Արցախի անունը տալով եւ քնում՝ Արցախի անունը տալով, դա ի՞նչ կապ ունի, նա կոնկրետ մեղադրանքի հարցով միայն մեկ բան պիտի ասի՝ հովանավորչություն արե՞լ է, թե՞՝ ոչ: Վերջ:

Թե չէ արդեն ծիծաղելի էլ չի: Իրավապահներն ում մոտենում են՝ Արցախի խաղաքարտը գրպաններից հանում են ու թե՝ մեզ դիպչելով Արցախին են հարվածում, որովհետեւ ուզում են հողերը տալ, արդեն հիմա, հե՛նց հիմա տալիս են:

Ի դեպ, Արցախը իրապես սիրողը երկու կարեւոր բան երբեք չէր անի. այն չէր դարձնի մանրադրամ՝ իր անձի պաշտպանության համար, եւ չէր անի ոչ մի այնպիսի գործողություն (հատկապես պաշտոնավարման ընթացքում), որից կարող էր տուժել Արցախը. օրինակ՝ չթալանել բյուջեն, չգրպանել Արցախի բանակի, դպրոցների, այլ հաստատությունների համար նախատեսված գումարները եւ այլն:

Թե չէ բաժակաճառ բոլորն էլ կարող են ասել:

Հ.Գ. Հողերի մասին:

«2011 թվականին Կազանում Հայաաստանը պատրաստ էր ստորագրել բանակցվող փաստաթուղթը, որով հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:

Սերժ Սարգսյան, 2016 թվական

Հարցազրույց  Դմիտրի Կիսելյովին:

Արսեն Օհանյան