27.02.2020 13:25

Չինաստանից դուրս՝ կորոնավիրուսն ավելի արագ է տարածվում

Չինաստանից դուրս՝ կորոնավիրուսն ավելի արագ է տարածվում

Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն աճել է և վերջին տվյալների համաձայն՝ կազմում է 453 հոգի։

Այդպիսով, մեկ օրվա ընթացքում այդ երկրում հիվանդների թիվն ավելացել է մեկ երրորդով․ երեքշաբթի երեկոյան հաղորդվել է 323 վիրուսակրի մասին։ Մահացել է 12 մարդ, երեքը առողջացել են։

Վարակվածները հատկապես շատ են Իտալիայի արդյունաբերական շրջաններում, այդ թվում՝ Լոմբարդիայում, որի մայրաքաղաքը Միլանն է։ Արձանագրված դեպքերի թվով երկրորդ տեղում Վենետիկն է։

Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին հաղորդել են նաև Վրաստանի իշխանությունները։

«Վիրուսը հայտնաբերել է Վրաստանի մի քաղաքացու մոտ, որը երեկ Վրաստան է մտել Իրանից՝ Ադրբեջանով։ Նա տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց»,- արտակարգ ճեպազրույցում հաղորդել է աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

Փոխանցում է BBC-ն։