27.02.2020 13:36

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. Նախարար. Արմենպրես

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. Նախարար. Արմենպրես

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության արձանագրված մեկ դեպք կա: Այդ մասին «Արմենպրեսի» փոխանցմամբ այսօր կառավարության նիստում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Վրաստանի աշխատանքը այս դրվագով տպավորիչ է, և հույս է հայտնել, որ Հայաստանն առնվազն այդ մակարդակով պատրաստ է:

«Երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը, բայց ոչ մեր քաղաքացիների համար, և երեկ էլ ինքնաթիռով մեր քաղաքացիներից 52 մարդ վերադարձել է, նրանց ուղեկցել է Իրան գնացած մեր աշխատակիցը: Վարակված քաղաքացի չի եղել, ժամանելուն պես զննում է կատարվել նաև Հայաստանում: Շատ ենք լսում, որ զննումը բավարար չէ, ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառում չկա: Այն ջերմաչափումը և զննումը, որ կատարում ենք, առավելագույնն է, որ կարող ենք անել: Այս պահի դրությամբ վիրուսով վարակված դեպք չունենք»,-հայտարարել է նախարարը:

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 95 հետազոտություն է կատարվել մինչև օրս, որոնք բոլորը եղել են բացասական:

«Ունենք 850 հետազոտության թեստ և ևս 3000 թեստ շուտով կստանանք, այդ առումով ևս հագեցած ենք: Վերջին 2 օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության և մեր հակահամաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են: Պրակտիկորեն, եթե չասեմ ամեն ինչ, ապա հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի՝ չնայած այն համարվելով ռեսպիրատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում սեզոնային գրիպի H1N1 շտամից, որը ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,- նշել է Թորոսյանը: