27.02.2020 13:53

Վերաքննիչում սկսվել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչում սկսվել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է 2001 թվականին Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը, ով, այդ գործով երկու տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անզգույշ սպանության հատկանիշներով։

Մեկնարկից մոտ 40 րոպե անց դատական նիստն ընդմիջվել է Աղամալ Հարությունյանի կողմի միջնորդությամբ։ Նրանք խնդրել են ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 27-ին։

2001 թվականին մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում սպանվել էր Վրաստանի քաղաքացի, 43-ամյա դաշնակցական Պողոս Պողոսյանը՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ դիմելուց հետո։ Ըստ քրեական գործի, նրան ծեծի էր ենթարկել Աղամալ Հարությունյանը սրճարանի զուգարանում։

Այժմ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։

Բեկանելու դեպքում գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։