27.02.2020 16:11

Լիզա Ճաղարյան. Հանրաքվեի հաղթանակը կարժեւորվի միմիայն իշխանության հետագա քայլերով

Լիզա Ճաղարյան. Հանրաքվեի հաղթանակը կարժեւորվի միմիայն իշխանության հետագա քայլերով

Դատավարական թամաշաների այս հանգրվանում էականն այն չէ, թե ինչ ճանապարհներով էին Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժիկը, յուրաքանչյուրը՝ 10-ական տարի, բազմել Հայաստանի նախագահի աթոռին, եւ արժանի՞ էին արդյոք «նախագահ» կոչվելու։ Փաստ է՝ բազմել էին, փաստ է՝ «նախագահ» էին հորջորջվում։

Փաստ է նաեւ, որ այսօր Հայաստանի այս երկու «նախագահներն» ամբաստանյալներ են։ Նույնքան եւ ավելի՝ փաստ է, որ Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությունը դժգոհ է, որ Իլհամ Ալիեւի գնահատմամբ՝ այս երկու «քաղբանտարկյալներին» դատում են իրենց գործած բազմահատոր հանցանքների չնչինագույն չափով, եւ որ՝ սայլը տեղից չի շարժվում։

Անհերքելի իրողություն է (ամեն օր ու ամեն ժամ ենք համոզվում), որ Քոչարյանի փաստաբանական «գումարտակն» արդեն տարուց ավելի է լծվել է ոչ թե իր պաշտպանյալի անմեղությունն ապացուցելու, այլ հազարումի, հաճախ զավեշտի հասնող միջնորդություններով ու բացարկներով (նախկին եւ ներկա դատավորների թողտվությամբ) բուն դատաքննությունից «անձեռնմխելիին» հեռու պահելու գործին։ Թե ինչու, բոլորս գիտենք. իրենց պաշտպանյալի բանտախցում «հերոսավարի» նստելը գերադասելի է Հայաստան պետության եւ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ նրա նյութած զարհուրելի դավերի բացահայտումից։

Թե պաշտպանական ինչ ուղի կընտրեն Սարգսյան Սերժիկի փաստաբանները, կանխագուշակումներից խուսափենք՝ առայժմ մեկ ընդհանրացում անելով. ե՛ւ այս երկու ամբաստանյալները, ե՛ւ սրանց «արբանյակները» երբեք չեն խորշել, հիմա էլ չեն խորշում եւ ապագայում էլ չեն խորշելու, սեփական կաշին փրկելու հույսով, Արցախի խնդիրը շահարկելու միջոցից (ամենաթարմ օրինակը դատարանի առջեւ Սարգսյան Սերժիկի մանկապատանեկան ելույթն էր՝ իր դեռեւս չասմունքված տեքստից նախապես մեջբերված պաստառների ամոթալի ֆոնին), շարունակելու են կախվել Արցախի փեշերից, ինչպես կախվեցին 1998-ի պալատական հեղաշրջումից առաջ ու հետո, եւ նույն ձեռագրով շարունակեցին իրենց պետականակործան քաղաքականությունը քսան տարի շարունակ՝ հայաստանցիներիս քթի տակ թափ տալով այդ նույն Արցախի խնդիրը բոլոր այն պահերին, երբ հանցախմբի ոտքերի տակ տարուբերվում էին զավթված աթոռները։

Հայաստանի քաղաքացիների նյարդերի ամրությունը փորձարկող այս լկտի արշավանքը մինչեւ ե՞րբ կարող է շարունակվել, եթե չենք տեսնում դատավորի գեթ մեկ օրինակ, որը ձեռքը կխփի սեղանին եւ կասի՝ բավակա՛ն է ծամածռվեք, սկսում ենք քրգործի քննությունը։

Պատասխանը միանշանակ չէ, սակայն մի բան ակնհայտ է. սրանց միակ հույսն ու հենարանը մնացել է Սահմանադրական դատարանը՝ ռոբասերժական հանցախմբի դրածոներից կազմված յոթնյակով, եւ Հայաստանի քաղաքացիների այս պահի քայլը պետք է լինի պետությունից միլիոններ կողոպտած եւ այդ գողոնի միջոցով արդարադատության ոլորտն ու տեղեկատվական դաշտը չարչիական եղկելի շուկայի վերածած գիշատիչների խրախճանքի գլխին սառը ջուր լցնել առաջիկա Հանրաքվեի հաղթանակով։

Կրկնեմ՝ պատասխանը միանշանակ չէ, սակայն ակնհայտ է մի բան. իշխանությունն իր վեհերոտ քայլերի հետեւանքների լուծումն այլեւս չպետք է դնի հանրության ուսերին եւ ստեղծված իրավիճակում մի քանի ուղղությամբ միաժամանակյա ջանքեր պետք է գործադրի։ Հանրաքվեով լուծելով զավթված ու քոչարյանասարգսյանական կլանի հույսը համարվող Սահմանադրական դատարանի ճգնաժամը, իշխանությունը պետք է հրաժարվի կրիայի դանդաղաշարժությամբ գործելաոճից, արագացնի կառավարման համակարգի բարեփոխումները եւ վերջապես խորությամբ գիտակցի, որ նախկիններին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը պետության անվտանգության հարց է։ Այլապես, Հանրաքվեի ցանկալի արդյունքը դառնալու է սոսկ «սահմանների պաշտպան» Հրայրից ազատվելու միջոց, եւ նախկինները շարունակելու են իրենց սեւ գործը՝ թունավորելով մթնոլորտն ու բոլոր հնարավոր ստոր ու նենգ միջոցներով երկիրը դարձնելով անկայունության  փորձաքար։

Վստահեցնում եմ, Սահմանադրական դատարանի ձեւավորումից հետո իշխանության վճռական քայլերից է կախված այն հանգրվանը, երբ Քոչարյանի ու Սարգսյանի փաստաբանները ճարահատյալ կլծվեն «մեղմացուցիչ դեպք հանցանաց»-ի փնտրտուքի գործին՝ իրենց «հերոսների» արդար պատժի ժամկետը հնարավորինս կրճատելու նպատակով։