27.02.2020 17:32

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը. SHANTNEWS

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը. SHANTNEWS

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին հայտնում է SHANTNEWS-ը: Կայքի տեղեկություններով՝ Կարապետյանը առողջական խնդիրներ է ունեցել, նրան հիվանդանոց են տեղափոխել գիշերը, այսօր կեսօրին նա մահացել է:

Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

Կենսագրությունը

Ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։

Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։

Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն էր:

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ:

Մրցանակներ

2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար,
2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան,
2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ: