28.02.2020 11:53

Սիրիայում զոհվել է առնվազն 33 թուրք զինվոր. Թուրքիան պատասխան կրակ է բացել

Սիրիայում զոհվել է առնվազն 33 թուրք զինվոր. Թուրքիան պատասխան կրակ է բացել

Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածի արդյունքում զոհվել է առնվազն 33 թուրք զինծառայող, հաղորդել է Սիրիայի սահմանակից  թուրքական Հաթայի նահանգապետ Ռահմի Դոհանը:

Ավիահարվածը հասցերել են «սիրիական վարչակարգի» ռազմաօդային ուժերը, հաղորդել է նահանգապետը, սակայն այս տվյալները հաստատող այլ տեղեկություններ չկան: Սիրիայի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը:

Թուրքիայի նախագահին կից՝ հաղորդակցության վարչության ղեկավարը հաղորդել է, որ Իդլիբում հասցված հարվածին ի պատասխան՝ թուրքական զորքերը՝ ինչպես ավիացիան, այնպես էլ ցամաքային զորքերը, կրակ են բացել սիրիական վարչակարգի «բոլոր հայտնի» թիրախների ուղղությամբ:

Երբ հայտնի է դարձել Սիրիայում թուրք զինվորականների կորստի լուրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության հարցերով արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որը շարունակվել է առնվազն վեց ժամ:

Թուրքական բանակի գործողությունները համակարգելու նպատակով Սիրիայի սահման են մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարարը և բարձրաստիճան սպաներ:

Փոխանցում է BBC-ն: