28.02.2020 17:06

Անմեղ դեմքով ատելության իրական քարոզիչները

Անմեղ դեմքով ատելության իրական քարոզիչները

Եթե ուշադրությամբ նայենք, թե ովքեր եւ ինչպես են բացահայտ կամ քողարկված զբաղվել եւ հիմա էլ զբաղվում նախկին իշխանությունների համար քարոզչությամբ, ապա ակնհայտորեն նրանց կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում քարոզչական «մահապարտների» գունդն է՝ ավանգարդը, որի գործառույթը եղել է եւ կա բացահայտ կեղծիքների եւ ստերի տարածումը: Սրանց արժեքն ակնհայտորեն անգամ նախկինների համար մեծ չէր, բայց քանի որ այլ տեղերից պահանջարկ չունեին, ապա ստիպված էին լինում կատարել քարոզչության ամենակեղտոտ գործը:

Եւ կա երկրորդ՝ խելացիների ու ավելի գնահատվող խումբը, որի մեծ մասը երբեք հանդես չի եկել եւ հիմա էլ հանդես չի գալիս նախկինների բացահայտ կողմնակցի դերում, ներկայանում էին եւ են որպես, ասենք՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, փորձագետներ, վերլուծաբաններ եւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որպեսզի, իբր թե, չեզոք դիրքերից իբր թե՝ չեզոք տեսակետներ ներկայացնեն քաղաքական գործընթացների վերաբերյալ, իսկ իրականում՝ որոշակիորեն քողարկված տիրաժավորում էին նախկինների քարոզչությունը: Դա էլ որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվեր եւ ստեղծվի, թե նախկինների ասածները չեզոք մարդիկ էլ են հաստատում, ուրեմն՝ այստեղ մի բան էն չի:

Եւ ի դեպ, հենց այս երկրորդ խումբն է այսօր վարում ամենավտանգավոր տեղեկատվական պատերազմը: Պատճառն էլ՝ ավելի քան պարզ է: Եթե «քարոզչական մահապարտների» գնդի ներկայացուցիչների ասածները մարդիկ կեսից չեն էլ լսում, իսկ լսելուց՝ լավագույն դեպքում հայհոյելու ցանկություն են հայտնում, եւ հետեւաբար՝ նրանց ՕԳԳ-ն այսրոպեական «շուխուռ» ստեղծելուց անդին չի անցնում, ապա երկրորդները համեմատաբար ավելի գրագետ են խոսում հայերեն, ոչ թե կացնային սուտ են տարածում, այլ քողարկված՝ մասամբ համեմված ճշմարտությամբ: Դա պարզագույն ու հայտնի տեխնոլոգիա է, մասամբ ճշմարտությամբ համեմված կեղծիքն ավելի ազդեցիկ կարող է լինել, որովհետեւ մարդը եթե լսում է իքս նախադասություն, ու ինքը հաստատ գիտի, որ այդ իքս նախադասության այս կամ այն հատվածը հաստատ ճշմարտություն է, ապա ենթագիտակցաբար սկսելու է մտածել, որ գուցե նախադասության մյուս հատվածն է՞լ է ճշմարտություն:

Բայց դառնանց մեր օրեր: Երկրորդ խմբի այս ներկայացուցիչներն այսօր ակտիվորեն զբաղված են մեկ միասնական գործով՝ քարոզչական առումով բովանդակազրկել եւ հիմնազրկել նախկինների հանդեպ քրեական հետապնդումները, դա համեմելով այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ նախկինների վարկածների տարածմամբ: Ասենք՝ Մարտի մեկ, Արցախյան պատերազմ, կոռուպցիա, նախկինում կայացած ընտրություններ, Արցախյան հիմնախնդիր, ՍԴ եւ այլն:

Եւ այս ամենն այդ անձինք իրականացնում են ամենացինիկ երեսպաշտությամբ, անմեղ հրեշտակի դիմակներով եւ խաղաղասեր աղավնու թեւեր հագած:

Ու դա անում են, եթե ընդհանրացնենք՝ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «Իշխանությունները հեղինակազրկում են հերոսներին, իշխանությունները հեղինակազրկում են բանակը, իշխանությունները արշավ են իրականացնում արցախյան պատերազմի հերոսների դեմ, չի կարելի ուրանալ հերոսների արածները, բա ասում էիք՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ է, բայց ահա եկել ու սեւերի եւ սպիտակների եք բաժանել դաշտը, կանգ առեք, մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, չի կարելի երկիրը այսպես բաժան-բաժան անել, պետք է գիծ քաշել եւ ամեն ինչ սկսել զրոյից, երկիր կառուցել, ոչ թե նայել անցյալին»: Եւ այլն, եւ այսպես շարունակ:

Հիմա՝ հերթով:

Երբ ասում են՝ «իշխանությունները հեղինակազրկում են հերոսներին, իշխանությունները հեղինակազրկում են բանակը, իշխանությունները արշավ են իրականացնում արցախյան պատերազմի հերոսների դեմ, չի կարելի ուրանալ հերոսների արածները». սրանով պրիմիտիվագույն փորձ է արվում մարդու իքս գործողությունը ասոցացնել իգրեկ գործողության հետ եւ ընդամենն արժեզրկել քրեական գործերը զուտ այն բանի համար, որ հանրությունը աջակցություն չհայտնի իրավապահների մղումներին:

Իրականում, սակայն, իշխանությունները որեւէ մեկի պատերազմում ունեցած ավանդի համար չի դատում, ավելին, չեն ուրանում այն աստիճան, որ քրեական գործերով անցնող բազմաթիվ անձինք զուգահեռաբար հրավիրվում են հանրային՝ նույն պատերազմի ժամանակ իրենց արածների մասին հանրությանը պատմելու: Թեեւ կարող էին վարվել այնպես, ինչպես հենց նախկիններն էին վարվում՝ իշխանություն եղած ժամանակ: Սրբագրել պատմությունը, Հանրայինում պահել գրաքննիչների եւ թույլ չտալ, որ եթերում անգամ մեկ կադր հայտնվի, որտեղ երեւում է նախկիններից որեւէ մեկը: Հիմա մենք նման բան չենք տեսնում, իսկ ահա մինչեւ 2018-ը տեսնում էինք: Նախկինները խմբագրել էին պատմությունն այնպես, որ իրենք, միայն իրենք են հաղթել, գրավել, ազատագրել, պահել, եւ որ իրենք ու միայն իրենք են հերոս, իսկ իրենց նախորդած պաշտոնյաները կամ ոչ մի լավ բան չեն արել, կամ միայն վատ բաներ են արել:

Երբ ասում են. «Բա ասում էիք՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ, բայց ահա եկել ու սեւերի եւ սպիտակների եք բաժանել դաշտը, կանգ առեք, մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, չի կարելի երկիրը այսպես բաժան-բաժան անել, պետք է գիծ քաշել եւ ամեն ինչ սկսել զրոյից, երկիր կառուցել, ոչ թե նայել անցյալին», այստեղ էլ այս մարդիկ պարզագույն մանիպուլյացիա են անում՝ հույսով, որ մարդկանց հիշողությունն այնքան կարճ է, որ այս երկու տարում մոռացել են ամեն բան: Որովհետեւ երբ իրենք խոսում են հանդուրժողականությունից եւ անցյալի վրա գիծ քաշելուց, նրանք միայն մեկ բան են ցանկանում. այն է՝ ինչ արել են, արել են, թող բոլորը մոռանան դրա մասին, սիրեն իրենց, հանդուրժեն, քրեական գործեր չհարուցեն, չբարձրաձայնեն այն ամենը, ինչ մարդիկ մտածում են իրենց մասին: Սա, իհարկե, իրենց տեսանկյունից շատ հասկանալի մոտեցում է՝ գիծ քաշել ու անցնել առաջ: Բայց կա մի բայց: Որեւէ մեկը չի պահանջում տասնյակ հազարներով քրեական գործեր հարուցել բոլորի հանդեպ, ովքեր տարիներ առաջ 1000 կամ 10 հազար դրամ կաշառք են վերցրել եւ զարգանալու փոխարեն մխրճվել համընդհանուր դատավարությունների մեջ: Բայց կան արարքներ, որոնք վաղեմության ժամկետ չունեն, եւ դրանց համար պատասխաններ պետք է տալ: Առավել եւս, որ դրանց հեղինակները եւ նրանց «անմեղության դիմակը հագած» քարոզիչները ոչ միայն չեն զղջում, այլեւ այսօր էլ՝ նույն տեմպերով, նույն ատելությամբ եւ ցինիզմով շարունակում են ատելություն եւ կեղծիք սերմանել, սպառնալ եւ անել այն, ինչ արել են մինչեւ 2018-ի գարունը:

Արսեն Օհանյան