01.03.2020 13:10

Կորոնավիրուս. Հայաստանում կա մեկ հաստատված դեպք

Կորոնավիրուս. Հայաստանում կա մեկ հաստատված դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքում գրել է, որ «մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք»։

Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։

«Նշեմ նաեւ, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես եւ նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ եւ չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։

Թեհրանում եւ օդանավի մեջ բոլորը ուղեւորները եղել են դիմակներով, օդանավից եւ օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով եւ բժշկական ձեռնոցներով»,- գրել է Փաշինյանը։

Նա գրել է, որ պացիենտների հետ շփում ունեցած անձինք կմեկուսացվեն։ «Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի»,- գրել է վարչապետը` հավելելով, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։

Այսօր հրավիրված ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այդ մեկ արձանագրված դեպքով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում։

«Վերջին տվյալներով, քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, այս պահին որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է բարձր ջերմություն: Ասեմ, որ նրա կնոջ մոտ վիրուսի հետ կապված թեստը բացասական է ցույց տվել»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ ասել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ մինչ այժմ 117 թեստավորում է կատարվել, որից մեկն է հաստատվել:

Նախարարը նշել է, որ Իրանից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու ընթացքում մասնագետները աշխատել են Թեհրանից սկսած: Նրանց ուղեկցում էին բժիշկները, կատարում անհրաժեշտ զննում, բոլորին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ: Նույն վերահսկողությունը շարունակվել է Երևանում: «Թեհրանից Հայաստան եկած ուղևորները օդանավակայանից դուրս են եկել առանձին ուղիով: Եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով հիվանդ, ապա խորհուրդ է տրվում տվյալ անձի նստած տեղից երկու շարք առաջ, և երկու շարք հետ, ինչպես նաև իր շարքի ուղևորներին մեկուսացնել, ինչն էլ անում ենք: Մեկուսացվել է հիվանդին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին, որը տաքսու վարորդ չէր: Նույնը վերաբերում է հիվանդանոց գնալուն: Նա տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով, անձնակազմը նույնպես մեկուսացվել է: Մենք բոլորին պահում ենք հսկողության տակ: Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին: Թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»,- ասել է նա:

Նախարարը խորհուրդ է տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ կամ լվանալ դրանք` կիրառելով ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակնեըը: