02.03.2020 12:42

Հայաստանը ժամանակավորապես կվերականգնի Իրանի հետ վիզային ռեժիմը

Հայաստանը ժամանակավորապես կվերականգնի Իրանի հետ վիզային ռեժիմը

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ խստացվելու են միջոցառումները նաև բեռնափոխադրումների մասով: «Մենք պիտի խնդրենք, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրան տեղափոխվելուց: Մենք կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ ՊԵԿ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին եւ, ըստ ամենայնի, որոշ բեռների համար էլի կարվեն բացառություններ ըստ անհրաժեշտության: