02.03.2020 14:18

Հունաստանը Թուրքիայի սահմանին է պահում 10 հազար ներգաղթյալների

Հունաստանը Թուրքիայի սահմանին է պահում 10 հազար ներգաղթյալների

Առնվազն 10 հազար ներգաղթյալներ, որոնք ուզում են հասնել Հունաստան, կանգնեցվել են թուրքական սահմանում, հայտարարել են Հունաստանի իշխանությունները։

Բացի այդ, առնվազն 500 մարդ նավակներով հասել է հունական Լեսբոս, Սամոս և Քիոս կղզիներ, որտեղ փախստականների ճամբարները գերհագեցված են 2015 թվականից ի վեր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ բացում է սահմանը սիրիացի փախստականների առաջ, որոնք ուզում են հասնել Եվրոպա։

«Ի՞նչ ենք արել երեկ։ Բացել ենք սահմանները․․․ Մեր երկիրն ի վիճակի չէ դիմանալու փախստականների նոր հոսքին»,- ասել է նա։

Թուրքիան արդեն իր տարածքում ընդունել է առնվազն 3,7 միլիոն փախստականների Սիրիայից, ինչպես նաև՝ Աֆղանստանից ու մի քանի այլ երկրներից։ ԵՄ-ի հետ 2016 թ․ կնքված համաձայնագրի պայմանների համաձայն՝ թուրքական իշխանությունները խոստացել էին կասեցնել նրանց հետագա ընթացքը՝ 6 մլրդ եվրո օգնության դիմաց։

Եվս 3,5 մլն փախստական կա Թուրքիայի սահմանակից սիրիական Իդլիբ նահանգում, որը գտնվում է Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ։

Փոխանցում է BBC-ն։