02.03.2020 19:07

Լիզա Ճաղարյան. Թավշյա ծամածռություններ

Լիզա Ճաղարյան. Թավշյա ծամածռություններ

Ի՞նչ էր մատուցում Հայաստանի քաղաքացիների հարկերով ապրող Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժիկ Սարգսյանի իշխանավարության տարիներին այդ նույն հարկատու հեռուստադիտողներին, եւ ի՞նչ էին նույնությամբ պատճենում ու կրկնում սրա «քույր ձեռնարկություն» մնացած հեռուստաընկերությունները։

Լկտի կեղծիքներով խեղաթյուրում էր անկախացած Հայաստանի պատմությունը, պատերազմի եւ հաղթանակի հերոսական ու ծանրագույն տարիները ներկայացնում էր խղճուկ ու ողորմելի «մութուցուրտ տարիներ» բնորոշմամբ, կոռումպացված սրիկաներից «հերոս» էր կերտում, չունեւորներին թալանչիների շպրտած ողորմությունն անձնազոհ բարեգործության «լուսապսակով» էր զարդանախշում, Արցախյան ազատագրական պայքարը դարձրել էր ռոբասերժական «մենաշնորհ», այդ նույն ազատագրական պայքարի հերոսների չենթարկվող տեսակի հանդեպ հալածանքներն ու բիրտ ուժը երկրի կայունության հայրենափրկիչ շղարշով էր պատում, սառնասիրտ հետեւողականությամբ քրեական հանցագործներից ու մարդասպաններից ընդօրինակելի կերպարներ էր «կերտում» երեխաներին ի տես... Կարելի է թվարկել ու թվարկել, թե քսան տարի շարունակ ինչ աղբ են լցրել հեռուստադիտողների ուղեղները, եւ թե ավազակախմբի վարձկան գրչակների որդեգրած «բարոյականության» այս չափանիշներն ինչպիսի ավերածություններ են գործել հասարակության գիտակցության մեջ, բայց այստեղ կանգ առնենք՝ վստահ, որ բոլորն էլ հիշում են այդ տարիները ու չեն հասցրել մոռանալ, եւ հարց տանք ինքներս մեզ. առաջին հերթին ի՞նչ պետք է անեին հեղափոխությամբ իշխանության հասածներն այսպիսի «աղբակույտ» ժառանգություն ստանալուց հետո, ի՞նչ պետք է աներ Հայաստանի հանրությանը պատկանող հեռուստաընկերությունն այն նույն հանրության համար, որին մինչ իշխանափոխությունը մատուցվել en կեղծիք, կեղծիք եւ միմիայն կեղծիք, եւ բնականաբար՝ հեղափոխությունից հետո այդ նույն հանրությունն ակնկալում էր լսել ու տեսնել միմիայն այն ճշմարտությունը, որը թաքցվել է իրենից կամ եղկելի լպիրշությամբ կեղծվել է։

Տարրական տրամաբանությունը հուշում է, որ այս նույն հեռուստաընկերությունը, իրավիճակի կտրուկ փոփոխության շնորհիվ, նախ պետք է «վաստակած հանգստի» ուղարկեր նախկինների կամակատարներին ու հատկապես որոշիչ դերակատարում ունեցողներին ու լծվեր բոլոր կեղծիքները փուչիկի պես պայթեցնելու գործին՝ զուգահեռաբար փլատակների տակից հանելով մոռացության մատնված բարոյական արժեքները։ Թվում էր, հենց ա՛յս հեռուստաընկերությունն է իր շուրջը հավաքելու հետաքննող լրագրողների արհեստավարժ բանակին եւ հատիկ-հատիկ, ամենօրյա ռեժիմով պատմելու է խաբված հասարակությանը, թե ինչ լկտի ստեր են մատուցվել իրեն տարիներ շարունակ, թե ինչ դղյակներ են կառուցվել իրենց թշվառության հաշվին, եւ թե իրականում ինչպիսի ճանապարհ է անցել Հայաստանը 88-ի փետրվարից մինչեւ պալատական հեղաշրջումը, եւ թե ինչ սահմռկեցնող հանցագործություններ են կատարվել «հանուն Արցախի» իշխանությունը զավթած ավազակախմբի բեսպրեդելի տարիներին։

Բայց ի՞նչ ենք տեսնում ու լսում Հանրային հեռուստատեսությամբ՝ այն պայմաններում, երբ ուղղակիորեն գրեթե բոլոր մյուս հեռուստաընկերությունները շարունակում են ծառայել նախկիններին՝ առավե՛լ լկտիությամբ, առավել անամոթությամբ եւ ուղղակիորեն սարսափազդու անպատասխանատվությամբ։

Ոչի՛նչ։ Հանրության նյարդերը սղոցող այս անբարոյական սելավի «պայծառ համայնապատկերին» Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է նախանձելի հանգստությամբ «թավիշ» խաղացնել նախկին հանցագործների ամենավստահելի «դիրիժոր» Մարգարիտա Գրիգորյանի ղեկավարությամբ, եւ հանրության աչքի առաջ՝ խոսքի անտերունչության այս խայտառակ պայմաններում կերտվում են նախկինների «հալածյալ», «անարդարացի հետապնդվող» կերպարները, եւ այլեւս ոչ միայն զարհուրելի, նույնիսկ զարմանալի չի թվում, որ Մարգարիտայի նմանակ, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ մի օր արթնանում է ու որոշում բարբաջել ի պաշտպանություն 2008-ի Մարտի 1-ի՝ ընդդեմ Մարտի 1-ի զոհ հասարակության։

...Այս «պաշարով» ենք գնում դեպի Հանրաքվե։