03.03.2020 13:49

Վատիկանը բացում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների արխիվը

Վատիկանը բացում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների արխիվը

Մինչ այժմ դրանք գաղտնի էին պահվում, քանի որ կասկածներ կային, թե այդ ժամանակ կաթոլիկ եկեղեցին գլխավորող Պիոս XII պապը չտեսնելու է տվել Հոլոքոստի սարսափները:

Պիոս XII-ը, որին հաճախ անվանում են «Հիտլերի պապ», սուրբ գահին է եղել 1939-1958 թթ.: Որոշ պատմաբաններ պնդում են, որ պոնտիֆիկոսը տեղյակ է եղել նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունների մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել դրանց դեմ:

Սակայն Վատիկանը պնդում է, որ Պիոս XII-ը ակտիվորեն, բայց լռելյայն աշխատել է հանուն հրեաների փրկության:

Ճշմարտության վրա լույս կսփռեն արխիվային փաստաթղթերը, որոնց ուսումնասիրությանը պատրաստ են ձեռնամուխ լինել տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանի աշխատակիցները, ինչպես նաև Պիոս XII պոնտիֆիկոսի կենսագրության ուսումնասիրության հայտնի փորձագետ, Մյունստերի համալսարանի պատմության պրոֆեսոր Հուբերտ Վոլֆը:

Վատիկանի գաղտնի արխիվի ղեկավար, եպիսկոպոս Սերջիո Պագանոյի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող փաստաթղթերը հաշվվում են միլիոնավոր էջերով և թեմատիկ սկզբունքով տեսակավորվել են 121 բաժիններում:

Արխիվի աշխատակիցներն ասում են, որ փաստաթղթերի ուսումնասիրության համար նախատեսված բոլոր սրահները մինչև տարեվերջ արդեն ամրագրված են աշխարհի տարբեր գիտնականների կողմից:

Փոխանցում է BBC-ն: