03.03.2020 19:16

Լիզա Ճաղարյան. «Աղվեսը հավնոցի դռանն հուշարար, ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք»

Լիզա Ճաղարյան. «Աղվեսը հավնոցի դռանն հուշարար, ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք»

Ռուսաստանյան «Независимая газета» թերթը կեղծիքներով լեցուն, իրականությունը խեղաթյուրած հոդված է հրապարակել 1988-ի սումգայիթյան սպանդի մասին։

Հայաստանի քաղաքացիները վրդովված են եւ պահանջում են այդ լրատվամիջոցից՝ պատժել համապատասխան վարձկան գրչակին եւ հերքել հրապարակած կեղծիքները։

Նույնիսկ Մարտի 1-ի մասին բոլորիս հայտնի խայտառակ կեղծիքների տակ կքած ֆիլմի համահեղինակ, ռուսաստանաբնակ լրագրող Ռոման Բաբայանն է անասելի վրդովվել եւ ցնցակաթվածի դուռը հասել, թե բա՝ պատկերացնու՞մ եք, աշխարհիս երեսին լրագրողներ ու լրատվամիջոցներ կան, որ վարձատրության դիմաց պատրաստ են կեղծել պատմությունը։

Հետաքրքիր է՝ պարոն Ռոմանն  ինչի՞ դիմաց է իր գործընկերների հետ անգթորեն խեղաթյուրել Մարտի 1-ի ողբերգությունն ու այդ ծախու ֆիլմը «պատահականորեն» մատուցել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման 5-րդ հեռուստաալիքին, այսպես կոչված՝ «անաչառ հետաքննության» ճանապարհին չխորշելով նույնիսկ խաբեությամբ խոսք կորզելուց տասը զոհերի հարազատներից ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից եւ հետագայում մոնտաժելով ըստ վերոնշյալ մեղադրյալի «ճաշակի»։ Դե, հեղինակային իրավունքը բացահայտ ամբարտավանությամբ խախտելով Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից հատվածներ «թռցնելու» մասին էլ չասեմ։

Այս նույն տրամաբանությամբ զարմանալի չէ՞, որ Հայաստանում ռուսական այդ թերթի դեմ բողոքի ալիքին են միացել նաեւ նոր իշխանությունների դեմ բարոյականության բոլոր սահմանները հետեւողական լպիրշությամբ ոտնահարող, իշխանություն կորցրած նախկիններին ծառայող տեղական արտադրության ռոմանբաբայաններն ու սրանց ստնտուները եւ այնպիսի ինքնամոռացությամբ են կուրծք ծեծում ընդդեմ սումգայիթյան ողբերգությունը կեղծողների, որ չգիտես՝ խնդաս, թե լաս։

Ձեզանի՛ց են սովորել, ռոբասերժական ավազակախմբի վարձկաններ։ Մեծ երկրի աչքաբաց ու արհեստավարժ լրագրողներ են, կույր չեն՝ տեսնում են, որ Հայաստանում ծաղկում ու բարգավաճում են «ով ավելի մեծ սուտ կասի՝ թագավորությանս կեսը կտամ իրեն» ավազակախմբի դրոշի տակ զրպարտություններ հորինող ու տարածող լրատվամիջոցները։ Դե՛, Ռուսաստանի լրագրողներն էլ են «տուն պահում», գրագիտությամբ էլ մի քանի անգամ կարող են ծալել ու գրպանները դնել մեր տեղական կիսատ-պռատ գրչակներին. ինչո՞վ են պակաս սրանցից, եւ ի՞նչը պետք է խանգարի նրանց՝ այլ պետության ողբերգության վրա փող աշխատել, եթե տեսնում են, որ այդ նույն պետության «թունդ հայրենասերներն» են անխնա խեղաթյուրում սեփական պատմությունը՝ կոխկռճելով ցանկացած սրբություն, պետության շահ ու Արցախի խնդիր։ Զուգահեռաբար՝ չեն մոռանում բարբաջանքներ կորզել դարավոր բարեկամ երկրի «հայ լինելուց ամաչող» զանազան «յան»-երի ու «յանց»-երի անհայրենիք բերաններից։

Այլ պետությունների վարձկան գրչակների դեմ սուր ճոճելուց առաջ ուշադիր նայեք ձեր եղկելի «արտադրանքին»։

Ձեր ցանած թունավոր մոլախոտն եք հնձում։