04.03.2020 18:05

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Հ1

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Հ1

Մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ առանձնապես խոշոր չափի գույք վատնելու համար: 1lurer.am-ին ՀՔԾ-ից հայտնել են, որ խոսքը նախարարության ենթակայության տակ եղած «Ձորա ՀԷԿ»-ի օտարման գործարքի մասին է, որը Կառավարության 2010 թվականի որոշմամբ իրացվել է իրական արժեքից 1 մլրդ 46 մլն դրամ պակաս գնով:

2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության մշակած կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3 մլրդ 600 մլն ՀՀ դրամով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
 
Ըստ ՀՔԾ-ի, Սեյրան Օհանյանի անվամբ 2010 թվականին կազմվել է Կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն: Նախկին նախարարի հանձնարարությամբ գրությունն ուղարկվել է Կառավարության աշխատակազմ: Ավելի վաղ, երբ Սեյրան Օհանյանը դեռ կասկածյալի կարգավիճակ ուներ, չէր ընդունում իրավապահների պնդումները:

«Ձորա ՀԷԿ-ի» օտարման գործընթացը դատախազությունն ուսումնասիրել է դեռ 2019-ի մայիսին, արդյունքներն ուղարկել ոստիկանություն: Պարզվել էր, որ Կառավարության 2001 թ. մայիսի որոշմամբ՝ «Ձորա ՀԷԿ»-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էներգետիկայի նախարարությունից փոխանցվել են Պաշտպանության նախարարությանը: Ըստ դատախազության՝ 2006-2010 թթ. «Ձորա ՀԷԿ»-ը գործել է շահույթով, անգամ՝ պաշտպանության նախարարությանն է փոխանցել 1 մլրդ 252 մլն դրամ շահութաբաժին: Բայց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թ. փետրվարի որոշմամբ «Ձորա ՀԷԿ»-ի թողարկած էլեկտրաէներգիայի սակագինն իջել է: Հետևանքը եղել է այն, որ մոտ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթի հնարավորությունից։ Ըստ դատախազության՝ սա արվել է առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ գույքը շուկայականից էժան վաճառելու առերևույթ հիմքեր ստեղծելու դիտավորությամբ: Իսկ «Ձորա ՀԷԿ»-ի բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011 թ. հունվարի 20-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել էր:

Դատախազությունն էլ պարզել էր, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010 թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամատաբերությամբ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: