05.03.2020 10:29

Ցանկացած պարագայում պարտվողը իշխանությունն է. ՉԻ

Ցանկացած պարագայում պարտվողը իշխանությունն է. ՉԻ

Իշխանությունը մտել է մի գործընթացի մեջ, որի ցանկացած ելք լավ բան չի կանխագուշակում իր համար: Խոսքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրական հանձնաժողովների կազմերի ձևավորման մասին է:

Արդեն հայտնի է, որ հանձնաժողովներում ընդգրկվում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել ընտրակեղծարարությամբ: Դրա փոխարեն, հանձնաժողովներից դուրս են մնում նրանք, ովքեր մշտապես կռիվ են տվել ընտրակեղծարարների դեմ:

Դժվար է այս պահին ասել՝ դա կատարվել է բարձրագույն իշխանության ցուցումով, թե պարզապես գործ ունենք հերթական անփույթ աշխատանքի հետ: Բայց անկախ շարժառիթներից ու արդյունքից, պատասխանատուն լինելու է իշխանությունը:

Եթե անփութություն է և չի իրականացվել կոնկրետ վերահսկողություն, թե ում են նշանակում հանձնաժողովներում, ապա ապրիլի 5-ին մենք կունենանք մեծ անակնկալներ: Գործող իշխանությունը կբախվի ԱՅՈ-ն պահելու խնդրի հետ, քանի որ ընտրակեղծարարության մեծ փորձ ունեցողների և նախկին ռեժիմի համագործակցության համար մեծ հաշվով չկան խոչընդոտներ: Անգամ մի քանիսին կարող են խոստանալ աստղաբաշխական գումարներ, մի քանի ամիս նստելու դիմաց: Կխոստանան նաև, որ հանրաքվեում ԱՅՈ-ի պարտության դեպքում, իրենք շատ արագ կվերադառնան իշխանության, և ընտրակեղծարարները կհայտնվեն ազատության մեջ:

Եթե իշխանությանը թվում է, թե տեղերում չեն կարողանա կեղծել, որովհետև երկրում տիրող մթնոլորտը դա թույլ չի տա, ապա ռոմանտիկներին սպասվում է մեծ հիասթափություն: Միգուցե, 2018 թվականին դա ռեալ էր, 2020-ին նման համոզվածությունը կարող է կործանարար լինել:

Իշխանությունների գործողությունների հիմքում կարող է ուրիշ շարժառիթ լինել: Հաշվի առնելով ընտրակեղծարարների մեծ փորձը, մի փոքր օգտվել նրանց ծառայություններից՝ նկատի ունենալով հանրաքվեին ժողովրդի քիչ մասնակցության հնարավոր ռիսկը:

Այս հանգամանքը պակաս վտանգավոր հեռանկար չի խոստանում իշխանությանը: Անգամ չնչին խախտումները անդառնալի հետևանքներ կունենան իշխանության վարկի վրա:

Ամեն դեպքում, ընտրակեղծարարների ընդգրկումը հանձնաժողովներում որևիցե լավ բան չի խոստանում իշխանության համար: ՈՉ-ի և բոյկոտի, ավելի պարզ ասած նախկին ռեժիմի կողմնակիցները, միևնույն է, պնդելու են՝ ինչո՞ւ ընտրակեղծարարներին ներգրավեցիք հանձնաժողովներում, ուրեմն հանրաքվեն կեղծելու մտադրություն ունեիք: Հակադարձումներն առանձնապես հավատ չեն ներշնչելու:

Արիս Վաղարշակյան

Չորրորդ Իշխանություն