05.03.2020 12:23

Նեթանյահուն կրկին մեծամասնություն չի հավաքում Կնեսետում

Նեթանյահուն կրկին մեծամասնություն չի հավաքում Կնեսետում

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին երրորդ անգամ անընդմեջ չի հաջողվում մեծամասնություն ստանալ երկրի խորհրդարանում:

Երկուշաբթի կայացած ընտրությունների արդյունքներով՝ նրա «Լիքուդ» կուսակցությունը առայժմ ստանում է 36 տեղ, մինչդեռ Կնեսետի վրա վերահսկողություն սահմանելու համար  կուսակցությանը կամ դաշինքին անհրաժեշտ է 61 տեղ:

Վերջնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստացել է հրապարակել այսօր:

Գրեթե մեկ տարվա ընթացքում սրանք երրորդ ընտրություններն էին, և արդեն ոչ մի գաղտնիք չի մնացել, թե ով ում բարեկամն է: Իսրայելցի քաղաքական մեկնաբանների շրջանում արմատացել է «ավտոմատ կոալիցիա» հասկացությունը: Դրանք այն կուսակցություններն են, որոնց մանդատները նախօրոք կարելի է գումարել «Լիքուդի» արդյունքին՝ իրական պատկեր ստանալու համար:

Նեթանյահուի նվիրյալ դաշնակիցները կրոնական կուսակցություններն են, որոնք բոլորը միասին ստացել են 22 տեղ, և պարզ գումարման արդյունքում ակնհայտ է դառնում, որ Նեթանյահուին չի հերիքում ընդամենը երեք մանդատ:

Փոխանցում է BBC-ն: