05.03.2020 12:42

ԱՀԿ. Վարակը դեռ պահպանում է թափը

ԱՀԿ. Վարակը դեռ պահպանում է թափը

Հինգշաբթի առավոտյան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է, ընդհանուր առմամբ՝ ևս երկու հազար երկու հարյուր մարդ: Այդպիսով՝ վարակվածների թիվն անցել է 95 հազարից: Նաև՝ Չիանստանից դուրս արձանագրվել է ավելի քան 200 մահվան դեպք:

ԵՄ-ում մահերի մեծ մասը բաժին է հասնում Իտալիային, որտեղ կառավարությունը կարգադրել է այսօրվանից մինչև մարտի 18-ը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն իր հեռուստաուղերձում նշել է, թե «մեզնից բոլորիցս պահանջվում է լրացուցիչ ջանքեր գործադրել»:

Ֆրանսիայում ուշ երեկոյան հայտնի է դարձել կորոնավիրուսով վարակվելու ևս երկու դեպք՝ դպրոցական կրտսեր տարիքի երեխա  և նրա ծնողներից մեկը:

Գերմանիայում հինգշաբթի առավոտվա դրությամբ հայտնի է Covid-19 կորոնավիրուսով վարակման 262 դեպք:

Իսրայելում չեղարկվել են բոլոր միջազգային համաժողովներն ու կոնֆերանսները, ինչպես նաև երկշաբաթյա կարանտին է սահմանվել Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Ավստրիայից վերադարձողների համար: Հինգշաբթի օրվանից այդ պետությունների քաղաքացիների մուտքն Իսրայել արգելված է:

Կալիֆոռնիայում, նահանգապետի հրամանով, արտակարգ դրություն է հայտարարվել նահանգի տարածքում, հաղորդել է Associated Press-ը:

ТАСС-ի տեղեկատվության համաձայն՝ մի քանի ժամ առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կառավարությանը լրացուցիչ 8 միլիարդ դոլար հատկացնելու օրինագծին:

Փոխանցում է euronews-ը: