05.03.2020 12:54

ԱԺ-ն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը. Արմենպրես

ԱԺ-ն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը. Արմենպրես

Ազգային ժողովն այսօր ձայների 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ: 

Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:

Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով, իսկ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: