05.03.2020 14:42

Բոլիվիայում փոխվել է բանակի հրամանատարը

Բոլիվիայում փոխվել է բանակի հրամանատարը

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը բրիգադի գեներալ Ռուբեն Սալվատիեռային նշանակել է երկրի ցամաքային զորքերի նոր հրամանատար: Արարողությունը հեռարձակվել է El Deber թերթի կայքով:

Բոլիվիայի զինված ուժերի մնացած բարձր ղեկավարությունը, որ նշանակվել է ժամանակավոր կառավարության կողմից անցյալ տարվա նոյեմբերին, մնացել է անփոփոխ:

Պաշտպանության նախարար Ֆերնանդո Լոպեսը այս փոփոխությունը բացատրել է «ինստիտուցիոնալ հարցերով». «Հիմա Բոլիվիան ունի զինված ուժեր, որոնք լիովին հավատարիմ են դեմոկրատիային և նվիրված են հայրենիքին»:

Լոպեսը չի մանրամասնել, թե արդյո՞ք բանակի նախկին հրամանատար Իվան Ինչաուստիի ազատումը կապված է նախկին նախագահ Էվո Մորալեսի՝ վերջերս արած հայտարարության հետ. պետության նախկին ղեկավարը, մեկնաբանելով իրեն որպես սենատորի թեկնածու չգրանցելը, հայտարարել էր, թե «սերտ շփումներ ունի հայրենասեր զինվորականների հետ»:

Փոխանցում է tass.ru-ն: