05.03.2020 14:59

Հունաստան և Թուրքիա՝ խոսքակռի՞վ

Հունաստան և Թուրքիա՝ խոսքակռի՞վ

Հազարավոր ներգաղթյալներ չեն դադարեցնում թուրք-հունական սահմանով Եվրամիության տարածք անցնելու փորձերը: Սահմանը պաշտպանելու նպատակով Աթենքն այստեղ լրացուցիչ ուժեր է կուտակել:

Հունական իշխանությունների տրամադրած տեսագրության մեջ թուրք զինվորականները գազային նռնակներ են նետում սահմանի ուղղությամբ: Ամսաթիվը չի նշվում:

Թուրքական կողմը ներկայացրել է կադրեր, որոնցում սահմանի մոտ  ներգաղթյալները ծածկոցներով վիրավորների են տեղափոխում: Այդ առթիվ թուրքական Էդիրնեի քաղաքապետը հայտարարել է. «Հունական ոստիկանությունը և սահմանապահ ստորաբաժանումները կրակ են բացել միգրանտների ուղղությամբ՝ կիրառելով արցունքաբեր գազ, պլաստիկե գնդակներ և մարտական փամփուշտներ: Արդյունքում՝ վեց մարդ վիրավորվել է, նրանցից մեկը հետագայում մահացել է հիվանդանոցում»:

Հունաստանը հերքում է այս տեղեկությունները, ինչի մասին հայտարարել է հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: «Թուրքական կողմը ստեղծում ու տարածում է կեղծ լուրեր, որոնք ուղղված են մեր երկրի դեմ: Այսօր ևս այդպիսի մի կեղծ լուր է հրապարակ նետվել՝ իբր մեր կողմից հրազենային վնասվածքներ ստացած մարդկանց մասին: Ես կտրականապես հերքում եմ այդ լուրերը»:

Մինչդեռ Էդիրնեի հիվանդանոցներից մեկում լրագրողը ցուցադրել է վիրավոր մարդկանց, որոնց, նրանց ասելով՝ կրակել են հույն ուժայինները: «Քանի որ արցունքաբեր գազից մարդիկ տարբեր կողմեր ցրվեցին, նրանք սկսեցին կրակել մեզ վրա: Իմ ոտքին ու ձեռքին են կպել»,-պատմել է վիրավորներից մեկը:

Դիտորդները նշում են, որ սահմանին ստեղծված իրավիճակը շուտափույթ կարգավորման կարիք ունի:

Փոխանցում է euronews-ը: