05.03.2020 16:08

Լիզա Ճաղարյան. Շատ մեղմ ասած՝ տխուր է

Լիզա Ճաղարյան. Շատ մեղմ ասած՝ տխուր է

Տագնապահարված չեմ, որ հեղափոխական իշխանության թեթեւ ձեռքով ընտրական հանձնաժողովներ են ներառվել Քոչարյան Ռոբերտի եւ Սարգսյան Սերժիկի լկտի բեսպրեդելի տարիների «վաստակաշատ» ընտրակեղծարարները՝ միայն այն մտավախության պատճառով, որ սրանց կհաջողվի կրկին կեղծել ընտրությունների արդյունքները։ Գուցեեւ չհաջողվի, գուցեեւ՝ չփորձեն նույնիսկ։

Շա՛տ ավելի մտահոգիչ է իշխանության որդեգրած կեցվածքի հետեւանքը ընտրակեղծարարների նկատմամբ։

Իսկ հետեւանքը սա է՝ ընտրակեղծարարությունը քրեորեն պատժելի արարք չէ, դե՝ բան է, արել եք, էլի, անցած լինի, էն ժամանակ նրանց եք ծառայել, հիմա էլ մեզ ծառայեք։

Եվ չեմ պնդում, նույնիսկ չեմ էլ հավատում, որ «մեզ ծառայեք» ասելով՝ նոր իշխանությունը գլխի է գցում, որ հիմա էլ թույլատրվում է ընտրակեղծիքներ իրականացնել հանուն իրենց։ Որքան էլ տարակուսեմ նորերի, մեղմ ասած՝ տարօրինակ պահվածքը տեսնելով, դեռ «պատրաստ չեմ» այս իշխանության մասին նման սահմռկեցնող բան մտածել։

Չէ՛, նորերն ընդամենն ասում են՝ նրանք պահանջել են ընտրությունները կեղծել, դուք էլ հավատարմորեն կեղծել եք, մենք էլ պահանջում ենք՝ չկեղծել, մեզ նույնպես ծառայեք հավատարմորեն։

Իր այս «թավշյա» քայլով նոր իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ ստրկամտությունը, ծախու լինելը դատապարտելի չեն, եթե այդ նույն ստրուկներն ու ծախուներն այժմ էլ ծառայում են իրենց։

Իր այս «տարօրինակ» պահվածքով նոր իշխանությունը կոպտորեն վիրավորում է Հայաստանի այն քաղաքացիներին, որ սեփական շահը մոռացած, բազմաթիվ զրկանքներ կրելով, վայրագ հետապնդումների ենթարկվելով՝ չեն դավաճանել իրենց սկզբունքներին, հաստատում է այն մռայլ «ավանդույթը», որ ծառայամիտներն ու վարձկանները գերադասելի են բոլոր գույների իշխանություններին, իսկ ըմբոստներն ու ազնիվները հույժ անհրաժեշտ են միայն հանրահավաքների բազմամարդությունն ապահովելու կամ հեղափոխությունը մինչեւ վերջ հասցնելու համար։

Սա էլ դեռ ամենաահավորը չէ. հեղափոխությամբ իշխանության հասածներն այս «հուզիչ ներողամտությամբ» նաեւ կանաչ ճանապարհ են հարթում հանուն փողի ու զանազան շահերի առաջնորդվող ճարպիկներին՝ հուշելով, որ այս տեսակը օրենքից երկնչելու կամ պարզապես ամաչելու պատճառ չունի, ա՛յ թող ամաչեն այն ազնիվ ու անկաշառ «անճարակները», որոնք էդքան խելք ու ճկունություն չունեն, որ դռնով դուրս անես՝ լուսամուտով մտնեն, մինչեւ որ մի բանի տեր էլ իրենք դառնան։

Եվ, ավաղ, իշխանությունների այս դատապարտելի «թավշապատումը» միայն ընտրակեղծարարների նկատմամբ չկիրառվեց։ Հանրային հեռուստաընկերության (Հ1) ամենավարպետ «ճարպիկներին», Հայաստանի իրական պատմությունը կեղծողներին, հանցագործ իշխանությունների գործունեության մասին հանրությանը հեքիաթներ մատուցողներին իրենց ծոցում պահելով՝ շատ հոդաբաշխ ապտակեցին այն լրագրողներին, որ երբեք իրենց գրիչը կամ շուրթերը չեն կեղտոտել կեղծիքներ հրապարակելով, եւ մատների վրա հաշվվող այս մարդիկ էլ ստիպված եղան խոստովանել, որ նույնիսկ հեղափոխական իշխանությանն է ավելի հաճելի ծախուների ծառայությունը, որովհետեւ անաչառներն անկանխատեսելի են, ուրեմն եւ՝ վտանգավոր են։

...Իսկ այս իրավիճակի ամենատհաճն այն է, որ նոր իշխանությունը ոչ միայն ընտրակեղծարարներին եւ ծախու գրչակներին ու սրանց տերերին սիրահոժար արդարացրեց իր գործելակերպով, ոչ միայն վիրավորեց ռոբասերժական տարիներին իրենց կենսագրությունը չաղտոտողներին, այլեւ պարզորոշ հասկացրեց նախկինների հավատարիմ ճորտերին՝ դուք բոլոր իշխանությունների օրոք պահանջվող տեսակ եք, գլուխներդ բարձր առաջ գնացեք, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, բարոյազրկությունը, անազնվությունը, ծախվածությունը դատապարտելի չեն, որովհետեւ հարմարավետ են ու ավելորդ գլխացավանքի հարուցիչ չեն։

Կեցցե՛ք դուք, իմքայլականներ։