06.03.2020 12:30

Դատախազ․ Ռոնալդինյոն ասել է, որ Պարագվայի կեղծ անձնագիրը նվեր է ստացել

Դատախազ․ Ռոնալդինյոն ասել է, որ Պարագվայի կեղծ անձնագիրը նվեր է ստացել

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն հայտնել է, որ Պարագվայի կեղծ անձնագիրը նվեր է ստացել։ Այդ մասին հաղորդել է գործը վարող դատախազը, փոխանցում է Goal.com-ը։

Ռոնալդինյոն եւ նրա եղբայրը անձնագրերը ներկայացրել են Պարագվայի սահմանը հատելիս, թեեւ Բրազիլիայի քաղաքացիներն իրավունք ունեն Պարագվայ այցելել բրազիլական ID Card-ով, առանց անձնագիր ներկայացնելու։ Երկու երկրների միջեւ գործում է առանց վիզայի ռեժիմ։

«Ռոնալդինյոն եւ նրա եղբայրը չեն անցել Պարագվայի քաղաքացիություն ստանալու գործընթաց։ Երկուսն էլ ասել, թե նվեր են ստացել անձնագրերը»,- նշել է դատախազ Ֆեդերիկո Դելֆինոն։

«Ես հասկանում եմ, որ Ռոնալդինյոն սպորտի աստղ է, բայց օրենքը բոլորի համար է։ Տեղի կունենա հետաքննություն։ Ռոնալդինյոն համագործակցում է իրավապահների հետ, սակայն չի ընդունում մեղավորությունը»,- ասել է Պարագվայի ներքին գործերի նախարար Էուկլիդես Ասեւեդոն։ 

Անձնագիր կեղծելու համար Պարագվայում նախատեսված է խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում։