08.03.2020 10:00

Գատի. Մեսսին «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր մեղավորն է

Գատի. Մեսսին  «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր մեղավորն է

Արգենտինայի ազգային հավաքականի ու արգենտինական «Բոկա Խունիորսի» նախկին դարպասապահ Հուգո Գատին կարծում է, որ վերջին տարիներին կատալոնական «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր մեղավորը թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է:

Գատիի կարծիքով, Մեսսին այլևս չի կարողանում առաջ տանել թիմը և իր ներկայությամբ զրկում է «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստներին ազատ գործելու հնարավորությունից:

«Թող ինձ Արգենտինայում վիրավորեն ինչքան կցանկանան, սակայն ես չեմ կարող չասել այս ամենը: Հնարավոր է՝ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, սակայն այժմ նա ֆենոմեն չէ և փչացնում է «Բարսելոնայի» ֆուտբոլը:  

Երբ մի թիմում խաղում են Մեսսիի, Ռոնալդուի, Մարադոնայի կամ Պելեի պես ֆուտբոլիստներ, այդ թիմի մյուս բոլոր խաղացողները ցանկացած իրավիճակում փորձում են գնդակը հասցնել նրանց: Նույնը անում են նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Մեսսիի ներկայությունը խանգարում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին պատասխանատվություն վերցնել իրենց վրա և ազատ գործել»,- 75-ամյա Գատիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ 32-ամյա Լիոնել Մեսին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում: