09.03.2020 15:17

Ցուցմունքի փոխարեն՝ ստատուսներ

Ցուցմունքի փոխարեն՝ ստատուսներ

«Մեր բազմաչարչար երկրի գլխին նոր փորձություն է եկել, այս անգամ՝ շատ լավ պլանավորված, և միայն մենք կարող ենք այն կանգնեցնել»,  «Տա Աստված, որ հասցնենք սթափվել ու գիտակցել, անգամ՝ ամաչել, երբ կորուստները հատած չեն լինի անդառնալիության սահմանները… », «5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չի կարող փողոցային անգրագետ պոպուլիստների գերին լինել», « Արդեն 12 տարի Հայաստանում մարտի մեկը «սեփականաշնորհված է», եւ սեփականաշնորհել են մարդիկ ու ուժեր, որոնք առաջին հերթին են մեղավոր այդ ողբերգության համար, այդ ցավի համար եւ այդ վշտի համար», «Դադարե՛ք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս», «Մարտի 1-ի հանրահանաքին «մասսա լցնելու» մոլուցքը չի արդարացնելու առողջապահական և անվտանգային ռիսկերը», «Մարդիկ անհանգիստ են, որովհետև ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարևոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ», «Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը»…:

Սրանք չեզոք ընդդիմադիր, հանրային կամ այլ գործիչների մտեքեր չեն: Սա ծաղկաքաղ է վերջին օրերի ընթացքում նախկին իշխանության ներկայացուցիչների եւ նրանց կցված անձանց հայտարարություններից: Ընդ որում, նախկինների կողմից արտաբերված նմանատիպ, այս ոճի մտեքեր հազարներով կարելի է գտնել: Սա արդեն նրանց պաշտոնական ոճն ու լեզուն է:

Ու որքան էլ բանական մարդու համար տարօրինակ թվա, բայց այս ոճի մտքեր արտահայտողների մեջ կան անձինք, որոնց դեմ քրեական գործեր կան հարուցված, կան անձինք, որոնց դեմ վաղուց հարուցված պիտի լիներ, եթե իրավապահները «դանդաղ չշտապեին»: Բայց հարցն առանձին անհատները չեն, այլ դրանց ամբողջականությունը, այլ այն, թե ինչ ուժ եւ համակարգ են նրանք ներկայացրել՝ իշխանության եղած ժամանակ: Համակարգ, որին հանրությունը 2 տարի առաջ տվել է իր միահամուռ գնահատականը: Եւ թվում էր, թե այդ գնահատականը տեսնելուց հետո այդ մարդիկ գոնե տարրական ազնվություն պիտի ունենային լռելու: Բայց չէ, ինչպես տեսնում ենք, բանը հասավ նրան, որ այդ համակարգի ներկայացուցիչները հագան երեսպաշտության դիմակները եւ ներողություն խնդրելու փոխարեն՝ սկսեցին հոխորտալ, թե ինչքան լավը, անկաշառ, հայրենասեր եւ գրագետ էին իրենք, եւ ինչպես միամիտ մարդիկ չգնահատեցին իրենց նման ազնիվներին եւ խաբվելով՝ հեռացրին իրենց իշխանությունից: Ու հիմա էլ, մի կողմից՝ սպառնում են, թե վերադառնալու են իշխանության եւ ոմանց «կոտլետ» են դարձնելու, ոտքերն են սրբելու նրանց վրա (իսկ իրենց իշխանության օրոք մարդիկ տեսել են, որ իրենք ոչ միայն «ասող» են, այլեւ՝ «անող») մյուս կողմից էլ՝ տեսնելով, թե մարդիկ ինչպես են վերաբերվում իրենց՝ բողոքում են, թե երկրում ատելության մթնոլորտ է:

Ու տարօրինակ չթվա, բայց նախկինների այս տոտալ լկտի երեսպաշտության մեղավորը իշխանությունն է՝  իրավապահ համակարգով: Ու խնդիրը այն չէ, որ պետք էր բոլորին, անկախ այն բանից՝ մեղավոր են թե ոչ, լցներ բանտերը, բայց հանցանք կատարածները դեռ շատ վաղուց ստատուսներ գրելու փոխարեն պիտի ցուցմունքներ գրեին, նրանք պիտի վաղուց տեսած լինեին օրենքի ուժը: Ու քանի որ չտեսան, համարեցին, որ օրենքը կույր ու թույլ է, եւ հետեւաբար, ի՞նչ է եղել որ, լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Արսեն Օհանյան