10.03.2020 16:35

Լիզա Ճաղարյան. «Մութուցուրտ» եւ բութ համառություն

Լիզա Ճաղարյան. «Մութուցուրտ» եւ բութ համառություն

Ինչու՞ եմ, այսպես ասած՝ սեւեռվել Հանրային հեռուստաընկերության վրա։

Մենմիակ եւ շատ ծանրակշիռ պատճառով. ես Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացի եմ, եւ ինչպես մեր պետության ցանկացած քաղաքացի՝ տանելի ճաշակ ձեւավորելու, գրագետ հայերեն լսելու, պետական լեզվի օրենքը չխախտելու եւ ճշմարտություն լսելու ու տեսնելու իմ ակնկալիքները կապված են հենց այս՝ մեր հարկերի հաշվին ապրող հեռուստաընկերության հետ։

Ես չեմ կարող այս կամ այն «ընդդիմադիր» կոչեցյալ հեռուստաընկերություններից պահանջել, որ իրենց ստնտուական կամ կուսակցական շահերից վեր կանգնեն. սա համապատասխան պատասխանատու մարմնի լուծելիք խնդիրն է։ Ես ընդամենը կարող եմ արհամարհել կամ անտեսել նման հեռուստաալիքները, ու հենց այդպես էլ վարվում եմ։

Քսան երկարուձիգ տարիներ նույն դիրքորոշումն եմ ունեցել նաեւ վերոնշյալ Հ1-ի նկատմամբ, փորձել եմ մոռանալ նաեւ վերջինիս գոյության մասին, որովհետեւ գիտեի, որ ժողովրդից մերժված իշխանություն զավթողներին հետաքրքրում է միմիայն ամեն գնով իրենց աթոռների ամրությունը, ոչ թե հասարակության վերաբերմունքն իշխանավորների եւ նրանց կամակատար հեռուստաընկերության նկատմամբ։

Մեր կյանքում, կարծես, շատ էական բան է փոխվել, չէ՞, հեղափոխությունից հետո։ Ունենք ժողովրդի ընտրյալ իշխանություն, որը խոստացել է չխաբել հասարակությանը (նախկին ավազակախմբի պես) եւ ջանք է թափում իր խոստմանը տեր լինելու։

Ուրեմն՝ ո՞նց է պատահել ու շարունակում է համառորեն պատահել, որ Հանրային հեռուստաընկերությունում թագավորում են «մութուցուրտ» տարիները՝ ուղղակի եւ անուղղակի առումներով։

Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ գրելու (եւ շարունակելու եմ գրել), որ այս հեռուստաընկերությունում տերուտիրական է նախկին ռեժիմի երդվյալ կամակատար Մարգարիտա Գրիգորյանը, ավելին՝ այս տիկինը նաեւ հարցազրույցներից մեկում («Հրապարակ») հայտարարել է, որ «եղել է, եղում է ու եղելու է» Հանրային հեռուստաընկերությունում, եւ ոչ ոք չի կարող իրեն «վաստակած հանգստի» ուղարկել՝ սրանից բխող զանազան տհաճ հետեւանքներով, սկսած «Երաժշտական փոստարկղ» հնամաշ ու զավեշտալի հաղորդաշարից, վերջացրած «Նվիրյալները» օտարալեզու հաղորդաշարով եւ խայտառակ մակարդակի թարգմանված ֆիլմերով։

Ուրեմն, ինչու՞ տարակուսենք կամ զայրանանք, եթե մինչ օրս այս հեռուստաընկերության հաղորդավարները, ընդգծում եմ՝ հաղորդավարները, ոչ թե՝ զանազան-զարմանազան հյուրերը, շարունակում են 90-ականների պատերազմի եւ հաղթանակի տարիները, առանց կակազելու «լմլմացնել» որպես «մութուցուրտ» տարիներ։

Այո՛, ե՛ւ մութ ժամանակներ ենք հաղթահարել, ե՛ւ ցուրտ, բայց Քոչարյան Ռոբերտի դիրիժորությամբ հանցագործ նախկինների այս լկտի ուրացմամբ տրված գնահատականը եթե շարունակում են շրջանառել այս հեռուստաընկերությունում, բութ հետեւողականությամբ վիրավորելով Եռաբլուրում ննջող հերոսներին, բարեբախտաբար մինչ օրս ապրող ազատամարտիկներին, նույնքան հերոսական կյանք ապրած Հայաստանի քաղաքացիներին՝ խղճուկ լեզվավարժանքով ոչնչացնելով այդ տարիների մեր զոհաբերումները հանուն Արցախի ազատագրման եւ Հայաստանի սահմանների անառիկության, ուրեմն կրկին հարց տամ՝ ի՞նչ է փոխվել այս հեռուստաընկերությունում, եթե նույնիսկ նոր իշխանությունների օրոք ընտրված Արա Շիրինյանն ի զորու չէ այս եղկելի «ավանդույթի» քոքը կտրելու։

Ոչինչ չի փոխվել։

Ու չարչրկված հարցը շարունակում է հրատապ մնալ՝ ռոբասերժական ավազակախումբն այլեւս իշխանության ղեկին չէ, այդ դեպքում ինչու՞ է մինչ օրս Հայաստանի քաղաքացիներին պատկանող հեռուստաընկերությունում բութ համառությամբ իշխում «մութուցուրտ» կեղծիքը։