11.03.2020 19:04

Լիզա Ճաղարյան. «Ոտդ զգույշ դիր հողին...»

Լիզա Ճաղարյան. «Ոտդ զգույշ դիր հողին...»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել կուրթանցի Մեխակից, որովհետեւ պարզվել է, որ «այդ տղան առողջական խնդիրներ ունի»։

Չեմ կարող միանալ հնչած «ներողություն»-ից խանդավառվածների ահեղ բանակին, որովհետեւ կարծում եմ՝ նախ, չպետք է լիներ այդ «ներողությունը» հեռուներից հղելու պատճառը, իսկ լինելուց հետո էլ (դե՝ նույնիսկ ինքն է «սխալական») այդ «ներողությունը» պե՛տք է հնչեր, եթե նույնիսկ կուրթանցի Մեխակը չունենար առողջական խնդիրներ։

Որովհետեւ Հայաստանի քաղաքացիները երկարուձիգ տարիներ, առողջական խնդիրներից զատ, ընչազրկության ու ողնաշարը կքելու բազմաթիվ այլեւայլ եւ հիմնականում զարհուրանք հարուցող պատճառներ նույնպե՛ս ունեցել են, եւ դրանց մասին նախկին ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ էր շատ-շատերից ավելի, ու դժվար թե այսքան շուտ մոռացած լինի, որ Հայաստանի գյուղերի հողատարածքները Հովիկ Աբրահամյանի նման քյոխվաների տիրապետության տակ էին, եւ գյուղաբնակների մեծ մասը, լավագույն դեպքում, կարող էր ահազդու քյոխվաներից ողորմություն ակնկալող խեղճուկրակ բատրակ աշխատել սրանց բռունցքի տակ, եւ որ նույնիսկ մի խղճուկ հողակտոր ունեցողների մեծ մասն էլ տարրական հնարավորություններ չուներ իր քարաստանը բուրաստան դարձնելու։

Բայց ինչու՞ մեր քթի տակ կատարվածը թողնենք ու սարուձոր ընկնենք, պարոն Փաշինյան։ Նույն լրագրողական աշխարհում չի՞ նկատել հարգարժան վարչապետը «դասակարգային» տարբերություններ, չի՞ լսել, թե ինչպես են ապրում իշխանական կամ «ընդդիմադիր» ներկայացող, բայց ապրելու ձեւը գտած լրագրողները. «Էս մեկի դեմ կգրեմ՝ անաչառ լրագրողի լուսապսակը կդնեմ գլխիս, էն մյուսից էլ փող կվերցնեմ՝ «չեմ նկատի» նրա հանցագործությունները ու «վերեւներից» արհամարհանքով կչափչփեմ խղճուկ հոնորարով մի կերպ գլուխը յոլա տանող, կյանքից բան չհասկացող, «անբաշար» լրագրողներին»։ Հավատացնում եմ ընթերցողին, որ ե՛ւ նկատել է, ե՛ւ լսել է, ե՛ւ զայրացել է, ե՛ւ դրա մասին բարձրաձայնել է։

Չի՞ տեսել պարոն վարչապետը, թե տարիներ շարունակ ո՛ր մտավորականներն ու, այսպես կոչված, արվեստի գործիչներն են կուշտուկուռ ապրել եւ շքանշանների ու մեդալների ծանրության տակ թաղվել։ Հիշեցնեմ. հենց նրանք, ովքեր ընտրությունների շրջանում քարոզել են հանուն «անփոխարինելի» իշխանությունների եւ «ծաղկեցրել» նրանց լկտի ճոխությունից պայթող խնջույքները։

Ի՞նչ է ստացվում. նոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ամոթա՞նք է  տալիս իրենց արդար վաստակով (իսկ այդ արդար վաստակը ողորմելի գումար է արժանապատիվ ապրելու համար, չգիտի՞ պարոն վարչապետը) մի կերպ գոյատեւողներին, հանցագործ իշխանությունների առաջ ողնաշարը չծռողներին, հանուն յուղոտ պատառի իրենց սկզբունքներին չդավաճանողներին։

Չի՞ զգում հարգարժան պարոն վարչապետը, որ մեղադրելով «աշխատել չսիրող» «խեղճերին»՝ ուղղակիորեն արդարացնում է նախկին հանցագործ իշխանություններին, սրանց սահմռկեցնող թալան-ավերն ու բեսպրեդելը, եւ իրավունք է տալիս ամբարտավան ավազակներին ու սրանց «կոմսոմոլներին»՝ հոխորտալու. «Դե, մենք աշխատասեր էինք, դրա համար էլ լավ ենք ապրում, թող էդ ձրիակերներն էլ մեզ նման աշխատեին, իրենք էլ լավ ապրեին»։

Կայի՞ն ստրկամիտ մուրացողներ, առատ սուփրաներից ոսկոր փախցնողներ։ Մի՛շտ են եղել ու միշտ են լինելու։ Բոլո՛ր հասարակություններում են եղել եւ լինելու են։ Այո՛, այդ տեսակն էլ կա, որի նշանաբանն է՝ թող որ աղբ լինի, միայն թե ձրի լինի, եւ այդ «ձրի»-ն հափռելու համար սրանք կարող են իրենց ճանապարհին հանդիպած բոլորին տրորելով անցնել, եթե նույնիսկ այդ նույն պահին այնքան են լափել, որ սրտխառնուքից ջղակծկումներ են ունենում, բայց ո՞նց է հնարավոր այսքան անզգուշորեն եւ այսքան հեշտությամբ թացն ու չորը խառնել իրար

Ի դեպ, ես ամենեւին էլ այն մարդկանց խմբին չեմ պատկանում, որ նոր իշխանությունից ակնկալում են սկուտեղով հեքիաթային կյանքի մատուցում օգնության կարիք ունեցողներին, բայցեւ վստահ եմ՝ նոր իշխանությունն աննախադեպ տնտեսական հաջողություններ չի արձանագրել դեռեւս եւ նույնքան աննախադեպ սոցիալական արդարության հաստատումից դեռ շատ հեռու է՝ «ծույլ» հասարակության վրա մատ թափ տալու իրավունք վաստակելու համար։

Առողջություն եմ մաղթում կուրթանցի Մեխակին, վստահ եմ, որ վարչապետի «ներողությունից» հետո նրա եւ իր ընտանիքի կյանքը քիչ թե շատ կբարելավվի։

Բայց Հայաստանում դեռ շատուշատ են Մեխակի նման մարդիկ, եւ դրա մեղավորը, նախեւառաջ եւ գլխավորապես, նախկին թալանչի հանցագործներն են, եւ գուցե դատավճիռ կայացնելուց առաջ արժե՞ մտածել, որ այդ մարդիկ խեղճուկրակ կյանքով են ապրում, որովհետեւ ոչ թե վարչապետի այդքան շատ սիրած արժանապատվությունից զուրկ են եղել, այլ հակառակը՝ այդ արժանապատվության ավելցու՛կն է խոչընդոտել, որ կուշտուկուռությունից զկռտան։