13.03.2020 12:38

Սադրանքներին չտրվելու նուրբ արվեստը

Սադրանքներին չտրվելու նուրբ արվեստը

Այն, որ նախկին իշխանությունները չեն համակերպվելու իշխանական լծակներից զրկվելու մտքի հետ, ակնհայտ էր: Ակնհայտ էր նաեւ, որ նրանք փորձելու են իրենց նախկին դիրքերը վերականգնելու համար դիմել բոլոր ազնիվ եւ անազնիվ մեթոդներին, այդ թվում՝ ստի, կեղծիքի, քարոզչական սադրանքների տարածմանը: Դա վերջիններիս քաղաքական շահերի տեսանկյունից բնական ու հասկանալի է․ բա էլ ի՞նչ անեն, հո մարդամեջ դուրս չե՞ն գալու՝ հանրահավաք անեն։ Որովհետեւ անգամ այն ժամանակ, երբ վախի մթնոլորտ էին սերմանում երկրում, տեսնում էին մարդկանց, մեղմ ասած՝ բացասական վերաբերմունքն իրենց հանդեպ, էլ ուր մնաց հիմա, երբ այդ մթնոլորտն այլեւս անցյալում է:

Այլ խնդիր է, սակայն, թե այս հարցում ինչպես պետք է իրեն պահի ներկայիս իշխանությունը: Թերեւս, նախեւառաջ՝ չտրվի այդ սադրանքներին, եթե ոչ՝ հանուն ճշմարտության եւ արդարության, ապա առնվազն՝ սեփական քաղաքական շահերի տեսանկյունից:

Ինչ են արել նախկին իշխանությունները՝ ավելի քան 20 տարի. համառորեն, ցինիկաբար կեղծել են պատմությունը, ոտից գլուխ վերափոխել են Հայաստանի պատմությունը՝ 91-98 թվականներին, իրենցից առաջ իշխանությանը վերագրել են հրեշավոր ստեր, փոխարենը՝ այդ իշխանության օրոք ձեռքբերումները վերագրել են իրենց: Դա պարզ իրական ատելության քարոզ էր՝ հիմնված ստի ու կեղծիքի վրա: Եւ դա եղել է նախկինների քարոզչական հենման կետը, որովհետեւ անկախ այն բանից, թե իրականում իրենց ինչպես էին վերաբերվում մարդիկ (իրենք էլ հո գիտեին), իրենց հաղթական-հերոսական կենսագրության մասին պիտի միֆեր հորինեին: Իսկ այդ միֆերն էլ պիտի բաղկացած լինեին հորինածին չարիքից եւ իրենցից՝ բարի հաղթողներից: 

Եւ այդ նույն անձինք նույն քարոզչությունն իրականացնում են նաեւ այսօր: Որովհետեւ քարոզչությունը, հատկապես այն, որ հիմնված է կեղծիքի վրա, պիտի պարզ կոնցեպտ ունենա. ստի միջոցով ստեղծել «վատ» կերպար, եւ ապա պայքար հայտարարել այդ կերպարի դեմ, իրենց հակառակորդներին կապել այդ վատ կերպարի հետ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իրենց ձերբակալում են ոչ թե թալանի, կոռուպցիայի, այլ հանցնանքների, այլ պայմանական վատ կերպարի կամ երեւույթների դեմ պայքարելու համար:

Պարզ օրինակ. նրանք սկզբից քարոզում են, որ եվրոպական արժեքը վատ բան է, որովհետեւ եվրոպական արժեքը ոչ թե մարդու իրավունքներն են, ոչ թե ժողովրդավարությունը, այլ, օրինակ՝ միասեռականության քարոզը կամ պետությունների հիմքերը քայքայող որեւէ բան: Հիմնավոր ու համառորեն դա տարածում են: Երկրորդ փուլում արդեն հայտարարում են, թե իքսը եվրոպամետ է, ուրեմն՝ ցանկանում է ձեր զավակներին պղծել, իսկ մենք էլ ահա՝ այդ ամենի դեմ պայքարողներն ենք: Վերջ: Այս պրիմիտիվ տեխնոլոգիայով է իրականացվում ամողջ քարոզչությունը ցանկացած հարցում:

Բայց սա հարցի մի կողմն է։ Այլ հարց է, որ ուժեղ իշխանությունը պետք է այնքան կամք ունենա, որ չտրվի այդ սադրանքներին։ Որովհետեւ այդ քարոզչության նպատակներից մեկն էլ դիմացինին սադրելն ու թեման տաք պահելն է։ Որովհետեւ էական չէ, թե դիմացինն ինչ կասի։ Բայց որ շատ խոսվի, որոշ առանցքային բառեր կմնան հանրության ենթագիտակցության մեջ:

Նույն կերպ, ահա, նախկինները ներկայացնում են Հայաստանի պատմությունը, անգամ այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել ժողովրդի աչքի առաջ, հենց հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Կեղծում են առանց աչք թարթելու: Եւ ինչ, փոխանակ իշխանություններն այնքան ուժ ունենան, որ ուղիղ խոսեն հանրության հետ Հայաստանի տարբեր շրջանների պատմության մասին, տրվում են սադրանքին ու լղոզում այն ամենը, ինչ եղել է Հայաստանում անկախությունից ի վեր՝ ամբողջ պատմությունը մի սանրով սանրելով:

Գուցե իշխանություններին թվում է, թե այդպիսով ապահովագրում են իրենց, եւ «մենք ոչ մեկի հետ կապ չունենք, ի սկզբանե եւ մինչեւ վերջ ամեն բան վատ էր, եւ միայն մենք աննախադեպ եկանք ու ամեն ինչ լավը դարձրինք» ասելով ազատում են իրենց գլուխները: Գուցե այդպես են մտածում, բայց եթե այդպես է, նրանք սխալվում են, որովհետեւ իրենց վրա իշխանության պատասխանատվություն չվերցնելով ու գլուխներն ազատելով եւ փաստացի նախկինների կեղծիքները, գոնե ոչ իրենց մասով հաստատելով՝ ոչ թե իրենց ապահովագրում են, այլ, հակառակը՝ ավտոմատ ընկնում են նախկինների քարոզչական ծուղակը՝ որ եթե ասածի մի մասը ներկայիս իշխանությունը հաստատում է կամ գոնե չի հերքում, կնշանակի՝ մյուս մասն էլ է ճիշտ՝ արդեն ներկաների մասով:

Արսեն Օհանյան